2017-ի ԱԱ-ում ՀՀ ծանրամարտի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է

2017-ի ԱԱ-ում ՀՀ ծանրամարտի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է

PanARMENIAN.Net - 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան սեպտեմբերի 8-ին պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

IWF-ի նախագահի նամակում մասնավորապես ասվում է.«Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք և ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. և 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ: Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ»:

Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ իրենք ևս ինֆորմացիա են ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից: Նամակում նշված է, որ ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով», որը քննարկումներ կկատարի և սեպտեմբերի 12-ի իրենց ժողովում առաջարկներ կներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեին:

Այդ առաջարկները վերջնական կքննարկվեն սեպտեմբերի 30-ին՝ Բուխարեստում կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ժողովում:

Արեգ Հովհաննիսյանի կարծիքով՝ ֆեդերացիաներին կպատժեն ըստ դոպինգ թեստերի դրական արդյունքների քանակի և վերջին տարիներին մարզիկների պահվածքի:

Որակազրկում է սպառնում նաև ՌԴ, Չինաստանի և ևս 6 երկրի հավաքականներին:

2016-ի նոյեմբերին հայտնի է դարձել, որ ՀՀ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից: Խուրշուդյանի՝ 2012-ին վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման ժամանակ հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ: Ավելի վաղ որակազրկվել էր ՀՀ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008-ին նվաճած բրոնզե մեդալից: Նրա փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և ստանոզոլոլ էր հայտնաբերվել, ինչպես նաև 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերերին մասնակցած ծանրորդ Նորայր Վարդանյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---