Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները՝ Սարյանի տուն-թանգարանում

Ալեքսանդր Օնիշենկոյի աշխատանքները՝ Սարյանի տուն-թանգարանում

PanARMENIAN.Net - Չեխիայում բնակվող հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշենկոյի իմպրեսիոնիստական աշխատանքներն առաջին անգամ կներկայացվեն Հայաստանում: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Հայ արվեստասերները հնարավորություն կունենան դիտելու ներկայացվելիք աշխատանքները մինչև սեպտեմբերի 17-ը:

Ցուցահանդեսի կազմակերպիչը «Ծիրանի» մշակութային հանգույցն է:

Ալեքսանդր Օնիշենկոն առանձնանում է սև կտավի վրա ստեղծագործելու յուրահատուկ տեխնիկայով: Սեփական բնութագրմամբ՝ աշխատանքները նոր իմպրոսիոնիստական ուղղվածություն ունեն, ինչը չպետք է շփոթել նեոիմպրեսիոնիզմի հետ: Նրա աշխատանքներում մուգ տոներին փոխարինելու են գալիս բացերը՝ այդպիսով առավել ընգծելով գունային կոնտրաստն ու վառ երանգները: Նկարչի աշխատանքների թեմատիկ ուղղվածությունը շատ լայն է, նրա վրձնի օգնությամբ նոր շունչ են ստանում առարկաներն ու բնությունը: Այնուամենայնիվ, հատկապես ուշագրավ են Օնիշենկոյի՝ Պրահայի տեսարաններով կտավները, որոնք արված են թռչնի թռիչքի բարձրությունից՝ Պրահայի տանիքներից, ասվում է «Ծիրանի» մշակութային հանգույցի հաղորդագրության մեջ:

Օնիշենկոյի աշխատանքները ցուցադրվել են Գերմանիայում, Հնդկաստանում, Շվեդիայում, Հունգարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում: Նկարիչը Պրահայում ունի իր մշտական պատկերասրահը, որտեղ ցուցադրվում են սեփական իմպրեսիոնիստական աշխատանքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---