ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ հոգևոր առաջնորդներ. Տարաձայնությունները կարելի է հաղթահարել

ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ հոգևոր առաջնորդներ. Տարաձայնությունները կարելի է հաղթահարել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ամենայնա Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։

Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը»։

Նշվում է, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության վրա։

Հայտարարվել է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։

«Աղոթում ենք խաղաղության պահպանման և հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար և առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական և հասարակական գործիչներին։Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների և ընչազուրկների համար, վկայել հոգևոր և բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ։ Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից։

Կոչ ենք ուղղում համապատասխան անձնաց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բանկիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։

Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։

Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։ Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հոգևոր առաջնորդներն իրենց համայնքների բոլոր զավակներին ուղղել են խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ, ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալահշուքյուր Փաշազադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն և նրա գահակալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարևորագույն ներդրման համար և Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---