Մագիստրոսական ծրագիր՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հետ

Մագիստրոսական ծրագիր՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին տրվել է Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը, որը վավերացվել է հայկական երկու համալսարանների միջև կրթական ծրագիր իրականացնելու մասին համաձայնագրի ստորագրմամբ:

Ծրագրի իրականացման համար հիմք են հանդիսացել 3 համալսարանի միջև կնքված պայմանագրերը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ծրագրով սկսվում է իրականացվել այն քաղաքական ուղղվածությունը, որը տարիներ շարունակ նախապատրաստվել է ինչպես Հայաստանի անդամակցությամբ Բոլոնիայի գործընթացին, այնպես էլ բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների շրջագծի կտրուկ ընդլայման հետևանքով:

«Այս ծրագրով փաստում ենք, որ Հայաստանը շարունակում է վստահ կերպով մնալ առաջավոր ուղղվածության դաշտում, քանի որ այսօր աշխարհի լավագույն համալսարանները որոնումների մեջ են: Հատկապես մագիստրոսական ծրագրերը հնարավորություն են տալիս ստեղծել մասնագիտական նոր ուղղություններ, դրանք մոտեցնել աշխատաշուկային, և այն, որ մեր համալսարանները մտել են այդ գործընթացի մեջ, շատ ողջունելի է»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ տուրիզմի ուղղվածությունը շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև, ըստ նախարարի, բուհական հանրույթի առջև այսօր մեծ մարտահրավեր կա:

«Մենք իսկապես ունենք շատ լավ ռեսուրսներ, և եթե չբացենք մեր համալսարանների դռները, ապա չենք կարող խոսել կրթության որակի մասին: Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանները Բոլոնիային գործընթացում ակտիվ որոնումների մեջ են. նրանց վկայականները միջազգայնորեն ճանաչելի են: Եվ այն, որ այսօր մեր ուսանողները հնարավորություն ունեն նաև օտար լեզուներով գնալ դասընթացների և մոդուլների, շատ կարևոր է: Եթե ներկայումս 10-15 ուսանողի մասին է խոսքը, ապա ծրագրի հետևանքով նրանք վստահաբար կդառնան տասնյակներ: Հիմնական խոչընդոտը լեզվական խնդիրն է, որը փորձ կարվի հաղթահարել»,-նշել է նախարարը՝ ծրագրի բոլոր մասնակիցներին մաղթելով հաջողություն:

Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի կողմից իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտացման ոլորտներն են՝ նախագծերի, զբոսաշրջության և պատմամշակութային ժառանգության, երկրատեղեկատվական համակարգերի կառավարումը:

Ծրագիրը կառուցված է միջոլորտային իմացության համակցմամբ, ինչը ենթադրում է մեկտեղել տնտեսագիտական կառավարման և տեխնիկական, ճարտարապետական իմացությունները: Սա հատկապես հայաստանյան բուհերի միջև համագործակցության աննախադեպ օրինակ է, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում համալսարանները փոխճանաչում են միմյանց ուսումնական գործընթացներն ու արդյունքները՝ իրականացնելով կրեդիտների կուտակում և փոխանցում:

Համատեղ մագիստրոսական երկամյա կրթական ծրագիրը նախատեսում է, որ ուսանողները 1 տարին պետք է ուսումնառեն հայաստանյան երկու բուհերում, իսկ երկրորդ տարին՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ նախատեսվում է նաև մագիստրոսական թեզի պաշտպանությունն ու դիպլոմների հանձնումը: Ուսանողներին կշնորհվեն ինչպես հայաստանյան երկու բուհերի, այնպես էլ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի դիպլոմներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---