Տարոն Մարգարյանը դժգոհել է երթևեկությանը խոչընդոտող վճարովի ավտոկայանատեղերից

Տարոն Մարգարյանը դժգոհել է երթևեկությանը խոչընդոտող վճարովի ավտոկայանատեղերից

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի մի շարք խաչմերուկներում արդեն իսկ ապահովված է աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության հնարավորությունը: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նրանզեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում տրանսպորտային հոսքերի բեռնաթափման նպատակով, ՃՈ հետ համատեղ, պարբերաբար փոփոխություններ են կատարվում նաև խաչմերուկների լուսացույցների աշխատանքների կազմակերպման սխեմաներում: Դրական գնահատելով տրանսպորտային հոսքերի բեռնաթափման ուղղությամբ տարվող վերոնշյալ աշխատանքները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ արդեն իսկ աջ ուղղությամբ անընդհատ երթևեկություն ունեցող որոշ խաչմերուկների մոտ գտնվող վճարովի ավտոկայանատեղերի համար սահմանազատված հատվածները որոշակի խոչընդոտներ են ստեղծում վարորդների համար:

«Մենք Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ պարբերաբար քննարկում և երթևեկության որոշակի փոփոխություններով փորձում ենք բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները: Այդ առումով շատ դրական արձագանք է գտել նաև խաչմերուկներում աջ ուղղությամբ անընդհատ երթևեկության ապահովումը: Սակայն նման երթևեկությամբ ապահովված որոշ խաչմերուկներում ունենք որոշակի խնդիրներ, որոնք պայմանավորված են ավտոկայանատեղերի խաչմերուկներին մոտ գտնվելու հանգամանքով: Դրանք իսկապես ավելորդ անհարմարություններ են ստեղծում վարորդների համար, ուստի ուսումնասիրեք և գույքագրեք նմանատիպ բոլոր խաչմերուկներն ու վերանայեք տվյալ հատվածներում ավտոկայանատեղերի կազմակերպման համար տրված թույլտվությունները՝ դրանց համար սահմանելով այնպիսի տարածություն, որը չի խոչընդոտի երթևեկությանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---