4 փետրվարի 2008 - 14:12 AMT
Բորիս Թադիչը վերընտրվել է Սերբիայի նախագահի պաշտոնում
Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրությունների երկրորդ փուլում քվեաթերթիկների 90,08 տոկոսի մշակման արդյունքում Բորիս Թադիչը ստացել է քվեների 50,47 տոկոսը, իսկ Տոմիսլավ Նիկոլիչը` 47, 83 տոկոսը: Այդպիսով Թադիչը ստացավ նոր 5-ամյա նախագահական մանդատ: Գործող նախագահի օգտին են քվեարկել մեծ քաղաքները, առաջին հերթին Բելգրադը, իսկ նրա ընդդիմադիրի օգտին` գավառների ընտրողների մեծ մասը:

Դրանից մի քանի ժամ առաջ Տոմիսլավ Նիկոլիչը պաշտոնապես ճանաչեց իր պարտությունն ու շնորհավորեց Բորիս Թադիչին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Այդ մասին նա հայտարարել է Սերբական ծայրահեղական կուսակցության ընտրական շտաբում կայացած մամլո ասուլիսում: Իր հերթին Թադիչը հայտարարեց իր հաղթանակի մասին Ժողովրդավարական կուսակցության ընտրական շտաբում: «Սերբիան հաստատեց, որ նա ժողովրդավարական երկիր է մեծ եվրոպական ապագայով»,-ասել է Թադիչը: Նա շնորհավորել է իր մրցակցին` Սերբական ծայրահեղական կուսակցության ներկայացուցիչ Տոմիսլավ Նիոկլիչին ծանր, սակայն ազնիվ պայաքարի ավարտի կապակցությամբ եւ հայտարարել է առաջիկայում նրա հետ խորհրդակցություններ անցկացնելու մտադրության մասին, քանի որ ընտրողների գրեթե կեսը սատարել է նրա նախընտրական ծրագրին: «Կարեւոր է, որ Սերբիան միավորվի եւ մենք շարուրնակենք պայքարը մեր քաղաքացիների շահերի համար»,-հայտարարել է Թադիչը:

Եվրամիությունը ողջունում է Բորիս Թադիչի հաղթնակը Սերբիայում նախագահական ընտրություններում, որը հաստատում է երկրի «եվրոպական կուրսը»: Այդ մասին ասվում է այսօր հրապարակված ԵՄ նախագահի հայտարարության մեջ, որի պարտականություններն այս կիսամյակ կատարում է Սլովենիան: «Սերբիայի ժողովուրդը հաստատեց, որ սատարում է երկրի ժողովրդավարական եւ եվրոպական ընթացքին»,-ընդգծվում է փաստաթղթում, հաղորդում է NEWSRU.com-ը: