5 փետրվարի 2008 - 13:15 AMT
Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը պաշտպանում են 49 կոնգրեսական
Կոնգրեսականներ Ջերի Կոստելոն, Սթիվեն Լինչը, Էդվարդ Մարկին, Էդ Ռոյսը եւ Պոլ Ռեյնը հանդես են եկել ԱՄՆ Կոնգրեսի 102-րդ բանաձեւի աջակցությամբ, որը դատապարտում է հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA), այսպիսով, բանաձեւը պաշտպանող կոնգրեսականների թիվը հասել է 49-ի: «Հրանտ Դինքը պաշտպանում էր հանդուրժողականությունը, խաղաղ երկխոսությունը եւ Թուրքիայի բնակիչների քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը: Նա ազատության պաշտպան էր եւ հավատում էր, որ մարդիկ հավասար են օրենքի առաջ: Ես հուսով եմ, որ իմ գործընկերները կպաշտպանեն ինձ եւ ի հիշատակ Դինքի կշարունակեն կոչ անել Թուրքիային` վերացնել ՔՕ 301-րդ հոդվածը»,- ասել է բանաձեւի հեղինակ կոնգրեսական Քրոուլին:
«Շատ կարեւոր է, որ Ամերիկան ցուցադրում է իր հավատարմությունը մարդու իրավունքների եւ ողջ աշխարհում ազատության նկատմամբ»,- ընդգծել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, 301-րդ հոդվածը հանդիսանում է Թուրքիայի կողմից անցկացվող Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտությունը մերժող քաղաքականության մաս: «Մենք շարունակելու ենք մեր ջանքերը 102-րդ բանաձեւն ընդունելու համար»,- ընդգծել է Արդունին: