ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին կայցելի ՀՀ

ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին կայցելի ՀՀ

PanARMENIAN.Net - Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը կայցելի Հայաստան:

«Մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելում», - ասել է Կանչելյանը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»։

Պատվիրակության կազմում են կոնգրեսական Ֆրենք Փալոնը, որը դեռևս Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստան էր բերել ամերիկյան օգնություն, հայկական արմատներ ունեցող մեկ այլ կոնգրեսական Աննա Էշուն, կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն, ում նախաձեռնությամբ օրեր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշեց հավելյալ գումար հատկացնել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների համար: Հայաստան կայցելեն նաև Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը և Վիսքոնսինը ներկայացնող կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները:

«Սա երևի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան», - ասել է Սփիր Կանչելյանը՝ ավելացնելով, որ Հայաստան այցի օրակարգն այնքան խիտ է, որ չի պատկերացնում՝ ինչպես են մի քանի օրերի ընթացքում հասցնելու այն իրականացնել: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, դրանք բազմաթիվ են.

«Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգնել Հայաստանին ձերբազատվել երկրում դեռևս մնացած կոռուպցիայի դրսևորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը»:

Կոնգրեսականի համար այս այցն ունի զգացական նշանակություն. «Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար, անշուշտ, շատ կարևոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն»:

Աղբյուրի հաղորդմամբ. այցի քաղաքական կողմը նույնպես անտեսված չէ։

«Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանա, որովհետև ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ»,– ասել է նա:

ԱՄՆ-ի օրենսդիրները նախատեսում են քննարկել հայկական կողմի հետ Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդման հարցը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---