«Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը սկսվել է

«Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը սկսվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարը: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին մասնակցում է 13 երկրի մոտ 150 շախմատիստ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՇԱ-ի տնօրեն Սմբատ Լպուտյանը նշել է, որ նմանատիպ մրցաշարերը մեծ նշանակություն ունեն երկրում շախմատի զարգացման համար, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

«Երևան օփենում» կարող են խաղալ հայաստանցի շախմատիստներ, որոնք հնարավորություն չունեն արտերկրում նման մակարդակի մրցաշարերի մասնակցել: Սա նրանց համար հրաշալի փորձ է: Ուրախ եմ նաև, որ Հայաստանում բազմաթիվ միջազգային մրցաշարեր են անցկացվում, ինչի շնորհիվ հարյուրավոր մարդիկ կարող են մոտիկից ծանոթանալ մեր երկրին: Այս տարի սա արդեն հինգերորդ միջազգային մրցաշարն է: Մինչև տարեվերջ Ջերմուկում և Ծաղկաձորում ևս երկուսը կանցկացնենք: Այսօր մենք ականատես ենք իսկական շախմատային տոնի, որը պետք է ավանդույթ դառնա: Հայաստանի շախմատի ակադեմիան հաճույքով է հյուրեր ընդունում իր պատերի ներսում: Հուսանք, նրանք տուն կվերադառնան ամենահաճելի տպավորություններով, իսկ մասնակիցների քանակը տարեցտարի կաճի»,-ասել է Սմբատ Լպուտյանը:

Բացման արարողությանը ներկաներին դիմել է նաև Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին, մաղթելով հետաքրքիր պայքար, իսկ հյուրերին՝ նաև հաճելի ժամանց: «Մեր քաղաքը ջերմորեն ընդունում է ձեզ, և ես շատ եմ ցանկանում, որ շախմատային խաղին զուգահեռ կարողանաք լիարժեքորեն վայելել Երևանի գեղեցկությունը և տեսարժան վայրերը: «Երևան օփենը» հայտարարում եմ բացված»,-ասել է Տարոն Մարգարյանը:

Մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---