Հետազոտություն. Հայուհիների մեծ մասը չի ուզում սկեսուրի հետ ապրել

Հետազոտություն. Հայուհիների մեծ մասը չի ուզում սկեսուրի հետ ապրել

PanARMENIAN.Net - Հայուհիների մեծամասնությունը չի ցանկանում սկեսուրի հետ ապրել: Այդ են վկայում 2017թ-ին իրականացված «Սկեսուրների դերակատարումը և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում» և «Ինչպե՞ս տղա ունենալ. արու զավակի նախընտրության մշակութային պրակտիկաները Հայաստանում» հետազոտությունները:

Հետազոտություններն իրականացրել են Հայաստանի 4 մարզում՝ Արագածոտն, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք: Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանը ասում է, որ հանրության հետ աշխատանքի արդյունքում փորձում են ձևավորել միջավայր, որտեղ աղջիկներն ու տղաները կծնվեն ու կարժևորվեն հավասար: Ըստ բանախոսի` հատուկ մշակված մոդուլի միջոցով թիրախավորվում է 3 հիմնական ուղղություն՝ գենդերային կարծրատիպեր, դերային ծնողավարություն և բռնություն:

Հարցվողների մեծամասնությունն ապրել է սկեսուրների հետ, և հիշելով իրենց կյանքը՝ շատերը համարում են, որ մեծ սխալ են գործել: Հարցվողները պատմել են սկեսուրների կողմից ակնհայտ ճնշումների և հալածանքների մասին, գրում է «Ա1+-ը»:

«5 տարի ես երեխա չեմ ունեցել…առաջինը 5 ու կես ամսական վիժել եմ զույգ երեխա: Եկել եմ տուն և իմ մահճակալի մոտ մանկասայլակ էր դրած: Ի՞նչ ա դա նշանակում: Ոզում էին ինձ ցավ պատճառել: Նենց աղի արցունքներ եմ թափել 5 տարվա մեջ, որ ես երեխա չեմ ունեցել, որ էդքան ջուր, որ լցվի իրենց վրա՝ ազգովի կխեղդվեն»,-պատմել է հետազոտության մասնակիցներից մեկը։

Ծրագրի ղեկավար Սևան Պետրոսյանի խոսքով` վիճակագրությունը բարելավվել է, բայց նորմայից հեռու է: «Կառավարության կամքը կարևոր է, սակայն նույնիսկ ծնելիությունը բարձրացնելով հարցը չի լուծվի, այլ խնդիրը մեզանում գենդերային անհավասարության և խտրականության մեջ է»:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի նպատակն է նվազեցնել սեռային անհավասարությունը։ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը քառամյա է և կշարունակվի մինչ 2019 թվականը: Ծրագիրն աջակցում է սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված խնդիրներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---