7 փետրվարի 2008 - 13:57 AMT
ԵՄ-ն հանդես է գալիս ՀԱՊԿ-ի հետ երկխոսության օգտին
Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պյեր Մորելը հանդես է գալիս ՀԱՊԿ-ի հետ երկխոսության օգտին եւ անհրաժեշտ է համարում երկու կազմակերպությունների ջանքերի համախմբումը տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու գործում: Մորելն այդ մասին հայտարարել է չորեքշաբթի Մոսկվայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ հանդիպման ժամանակ:

Մորելը առանձնացրել է ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, մարդկանց առեւտրին, զենքի եւ թմրանյութերի ապօրինի տարածմանը հակազդելու գործում միջազգային ջանքերի համակարգման անհրաժեշտությունը: Ըստ նրա, ԵՄ նախարարական հանդիպմանն որոշվել է ակտիվացնել շփումները Կենտրոնական Ասիայում գործող տարածաշրջանային կազմակերպությունների հետ:

«Զրույցի մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է համախմբել բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների ջանքերը` Կենտրոնական Ասիայում կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով»,-ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Բացի այդ, երկուստեք ցանկություն է հայտնվել շարունակել խորհրդակցությունները տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ: «ՀԱՊԿ քարտուղարությունում նշում են կազմակերպության շփումների ակտիվացումը այլ միջազգային կառույցների հետ անվտանգության ապահովման հարցում»,-ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: