Ջեմալ Ուշակ. Թուրքիայի սովորական քաղաքացիները Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությանը չեզոք են վերաբերվում

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Թուրքիան շատ հեռու են միմյանցից եւ միեւնույն ժամանակ մոտ են: Հեռու ենք մենք քաղաքական տեսանկյունից, սակայն շատ մոտ ենք մշակույթում, եւ ինչը քիչ կարեւոր չէ` մենք հարեւաններ ենք»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է «Միջմշակութային երկխոսություն» թուրքական կազմակերպության նախագահ Ջեմալ Ուշակը: Նրա խոսքերով, հայ-թուրքական փակ սահմանը բացասական է անդրադառնում երկու երկրների վրա, սակայն ավելի շատ Հայաստանի վրա: «Տնտեսական տեսանկյունից, Թուրքիային բաց սահման անհրաժեշտ չէ, այն առաջին հերթին պետք է Հայաստանին, որպեսզի վերջինս չվճարի Վրաստանին թուրքական ապրանքների փոխադրման համար: Իմ կարծիքով, դա զուտ քաղաքական հարց է: Իհարկե, ես շատ կցանկանայի, որպեսզի մենք մեկնեինք միմյանց մոտ ուղիղ ճանապարհով եւ ոչ թե երրորդ երկրի տարածքով»,- ասել է Ուշակը:



Նա նաեւ գտնում է, որ 1915 թվականի իրադարձությունները «ահավոր ողբերգություն էր»: «Դա ողբերգություն էր եւ Թուրքիայի եւ Հայաստանի համար: Դուք շատ մարդ կորցրեցիք, իսկ մենք կորցրեցինք մեր ընկերներին եւ հարզատներին: Հայերն ու թուրքերը 700 տարի բարեկամաբար են ապրել եւ միայն վերջին 100 տարին ենք թշնամացել: Սակայն, անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ Թուրքիայի սովորական քաղաքացիները իրոք անհանգստացած են հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառով: Նրանք դրան չեզոք են վերաբերվում»,- նշել է Ջեմալ Ուշակը:



Հիշեցնենք, որ 16-րդ դարի կեսերից Արեւմտյան Հայաստանը գտնվում էր օսմանյան լծի տակ: Առաջին կազմակերպված ջարդերն սկսվել են սուլթան Աբդուլ-Համիդի օրոք 1867 թվականին եւ շարունակվել են մինչեւ 1923 թվականը: 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության արդյունքում Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ է ոչնչացվել, եւս կես միլիոն սփռվել է աշխարհով մեկ, սկիզբ դնելով Հայկական սփյուռքին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---