7 փետրվարի 2008 - 17:12 AMT
Հայաստանի խորհրդարանը պատրաստ է համագործակցությանը թուրք եւ ադրբեջանցի գործընկերների հետ
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրամիության եռյակի պատվիրակությանը` Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելի գլխավորությամբ, : Հանդիպմանը ներկա էին Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը եւ պաշտոնական այլ անձինք:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության նոր շենքի բացման առիթով, որը կնպաստի Եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը: Աժ նախագահը բարձր գնահատական տվեց եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրին` նշելով, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի համար այլընտրանք չունի եւ հատկապես կարեւորվում է երկրի ներքին կյանքի կարգավորման առումով: Աժ նախագահն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներից հետո երկրում կատարված փոփոխություններին` իշխանության երեք թեւերի միջեւ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության, դատական եւ տեղական ինքնակառավարման համակարգերի բարեփոխումների առումով:

Պարոն Թորոսյանը կարեւորեց առաջիկա նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը, նշելով, որ օրենսդրական բոլոր անհրաժեշտ քայլերն արվել են (մասնավորապես` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի եւ ԵԽ փորձագետների առաջարկությունները հաշվի առնելով), եւ արդեն ստացվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽ դիտորդական առաքելությունների նախնական զեկույցները, որոնք դրական գնահատականներ են արձանագրել ընտրական գործընթացների վերաբերյալ:

Պատասխանելով Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵՄ եռյակի ղեկավար Դմիտրի Ռուպելի, եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրոպական հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պիտեր Սեմնեբիի հարցերին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունները կարեւորում է ոչ միայն եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացման առումով, այլեւ արժեքների եւ սկզբունքների ընդհանրության: Այդ առումով ամենակարեւորը երկրի ներքին կյանքի կազմակերպումն է եվրոպական արժեհամակարգի համաձայն: Հայաստանում գերադասում են նախ աշխատելը, ապա` արվածի մասին բարձրաձայնելը:

Աժ նախագահը կարեւորեց նաեւ Եվրախորհրդարանի հետ կապերի ամրապնդումը: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին` պարոն Թորոսյանը արժեւորեց դրանց անցկացման որակը, որը պետք է հնարավորություն տա հավաստել, որ եվրոպական չափանիշներով ընտրությունների անցկացումը Հայաստանում դառնում է ավանդույթ: Նա կարեւորեց եւ զանգվածային լրատվամիջոցների ազատությունը, եւ նախագահի թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումը լրատվամիջոցներում:

Տարածաշրջանային խնդիրների առումով նշվեց, որ այդ խնդիրների լուծման մեջ բացառիկ դեր ունեն եւ Եվրամիությունը, եւ Եվրախորհուրդը` կարեւորելով այն արժեքները եւ սկզբունքները, որոնց շրջանակներում այդ խնդիրները պետք է լուծվեն: Հայաստանի խորհրդարանը պատրաստ է Թուրքիայի եւ Ադրբեջանի իր գործընկերների հետ համագործակցության, բայց կյանքը ցույց է տալիս, որ կապերի հաստատման նրանք պատրաստ չեն: