7 փետրվարի 2008 - 17:43 AMT
Թուրքական խորհրդարանը թույլ է տվել հիջաբ կրել բուհերում
Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ առաջին ընթերցմամբ օրինագիծ է ընդունել հիջաբ կրելու սահմանադրական արգելքի վերացման մասին: 550-հոգանոց խորհրդարանի 404 պատգամավորները կողմ են քվեարկել: Օրենքը նախատեսվում է ընդունել երկրորդ ընթերցմամբ փետրվարի 9-ի քվեարկությանը: Դրանից հետո այն պետք է ուղարկվի նախագահի հաստատմանը: Օրինագիծը մշակվել է իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության (AKP) կողմից եւ ստացել է ծայրահեղ աջ Ազգային շարժում կուսակցության (NMP) աջակցությունը: Այն ենթադրում է ուղղումներ մտցնել Սահմանադրության երկու հոդվածներում. 10-րդ եւ 42-րդ, որոնք երաշխավորում են յուրաքանչյուրի հավասարությունն օրենքի առաջ եւ բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը:

Ընդդիմությունը հայտարարել է, որ կբողոքարկի օրինագիծը Սահմանադրական դատարանում, որը ժամանակին բազմաթիվ անգամներ որոշումներ է կայացրել հիջաբի հարցով, որոնցում նշվում էր, որ բուհերում թույլատրվում է միայն աշխարհիկ հագուստ կրել:

Քաղաքական նպատակներով կրոնի օգտագործման պատճառով, Թուրքիայի Սահմանադրական դատարանը 1998 թվականին արգելել է Բարօրության կուսակցության, իսկ 2001 թվականին Բարեկեցության կուսակցության գործունեությունը, որոնք հանդիսացել են Էրդողանի ներկա կուսակցության նախահայրերը: Թուրքիայի տեղական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Թուրքիայի Սահմանադարական դատարանի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայան կարող է Սահմանադրական դատարանում գործ հարուցել իշխող կուսակցության եւ ազգայնականների կուսակցության ցրելու մասին` մեղադրելով նրանց գործող օրինագծի խախտման մեջ, որը վերաբերում է պետության աշխարհիկ հիմքերին, հաղորդում է NTV-turk-ը:

Թուրքիայի պետական հաստատություններում եւ բուհերում հագուստի մահմեդական տարրեր կրելու արգելքը գործում է 1925 թվականից, եւ դրան անվերապահորեն հետեւում է աշխարհիկ էլիտան, առաջին հերթին բանակն ու իրավապահ մարմինները, որոնք հիջաբի մեջ տեսնում են սպառնալիք պետության աշխարհիկ կարգավիճակին: