27 սեպտեմբերի 2017 - 17:00 AMT
15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 250 մասնակցի 20 երկրից

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 15-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է We are15years young «Մենք 15 տարեկան երիտասարդ ենք» խորագիրը:

Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կհյուրընկալի 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Հունաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:

Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում:Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ:

Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ:

Փառատոնի նշանավոր ներկայացումներից են «Չի Տուլա Լիմնիոս» թատրոնի «Տեմպուս ֆուգիտ» (Գերմանիա), «Կանդոկո» թատրոնի «Դու և Ես Գիտենք» (Մեծ Բրիտանիա) ներկայացումները: Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, Կամերային, «Փոքր» և «Միհր» թատրոնները:

Փառատոնը կբացվի Սուխումիի դրամատիկ թատրոնի «Յակիշ և Պուպչե» (Վրաստան) ներկայացումով՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում (բեմադրիչ՝ Դավիթ Սակվարելիձե):

Հոկտեմբերի 6-8-ը Երևանում կկայանա IETM (Կատարողական արվեստի միջազգային ցանց)-ի «Քարավան Թբիլիսի-Երևան 2017» հանդիպումը: Նրանց նպատակն է նպաստել հայ ժամանակակից կատարողական արվեստին, ինչպես նաև ընտրել գործընկերներ հետագա համագործակցության համար:

Արտասահմանյան ներկայացումների մուտքը կլինի ազատ:

«ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):