27 սեպտեմբերի 2017 - 17:59 AMT
Ղազախստանում պահանջում են քանդել 1933-37թթ. երկիրը ղեկավարած Լևոն Միրզոյանի պատվին կանգնեցված հուշասյունը

Ղազախական Ակտոբեի բնակիչները պահանջել են տեղական իշխանություններից քանդել բոլշևիկ Լևոն Միրզոյանի պատվին կանգնեցված հուշասյունը: Նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Բախիժան Կումանովը, ասել է, թե նախկինում Լևոն Միրզոյանին լավն էին համարում, սակայն ղազախների կարծիքը փոխվել է Միրզոյանի մասին ՌԴ Պետարխիվի հրապարակումից հետո, գրում է Rusarminfo-ն:

«3 տարի առաջ ՌԴ պետական արխիվը հրապարակել է Միրզոյանի 1937թ. դեկտեմբերի 1-ի ստորագրած ծածկագիրը Ստալինին, որտեղ Միրզոյանը խնդրում է ավելացնել գնդակահարության ենթակա անձանց ցուցակները: Այդ օրվանից ի վեր բազմիցս է բարձրացվել նրա անունը կրող փողոցի անվանափոխման և դասագրքերից նրա մասին տեղեկությունների վերացման հարցը»,-ասել է նա տեղական «Կանալ 31» ալիքին:

Ակտոբեի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին դեմ են հուշարձանի քանդմանը և պնդում են, որ Ղազախստանը պետք է երախտապարտ լինի Միրզոյանին: «Վերոնշյալ փաստաթուղթը ոչ ոք չի տեսել, ոչ մի տեղ այն չի հրապարակվել: Հրապարակեք՝ հետո դատենք այդ մասին»,-ասել է Ակտոբեի հայ համայնքի ղեկավար Հարություն Մելիքյանը:

2017-ի օգոստոսի 22-ին Ակտոբեի իշխանությունները հավանություն տվեցին Միրզոյանի անվան փողոցի վերանվանմանը, սակայն փողոցը դեռ նրա անունն է կրում:

2001-ին Ղազախստանի նախագահի արխիվը թողարկել է «Լևոն Միրզոյանը Ղազախստանում: Փաստաթղթերի և նյութերի հավաքածու» գիրքը, որտեղ ասվում է, որ Միրզոյանը նպաստել է Ղազախստանի գյուղատնտեսության վերելքին խորը ճգնաժամից, մշակույթի և գյուղատնտեսության զարգացմանը, ազգային կադրերի ձևավորմանը: Սկզբնական շրջանում փորձել է զսպել բռնադատումների ալիքը, սակայն, հետագայում, հասկանալով, որ ինքը ևս պոտենցիալ զոհ է, ակտիվ մասնակցություն է ունեցել»:

Լևոն Եսայիի Միրզոյանը խորհրդային պետական և կուսակցական գործիչ է։

Ծնվել է Լեռնային Ղարաբաղում գյուղացու ընտանիքում, 1917 ընդունվել է բոլշևիկյան կուսակցություն: 1919 թվականից անցել է ակտիվ կուսակցական աշխատանքի։ 1933-1937թթ. եղել է Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղար, ԽՍՀՄ կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

1938 թվականին Միրզոյանը նամակ է ուղարկում Ստալինին և Մոլոտովին, որով բողոքում է կորեացիներին 1936 թվականին Պրիմորիեյից Ղազախստան տեղափոխելու դեմ, քանի որ հյուսիսային շրջաններում նրանք չէին կարող զբաղվել բրնձի մշակումով։ Միրզոյանը նաև Ստալինին իր բացասական վերաբերմունքն էր հայտնել ԷնԿաՎեԴե-ի (НКВД) գործելակերպի վերաբերյալ։ 1938 թվականին Միրզոյանին ձերբակալում են, բանտարկում Լեֆորտովո բանտում։ Գնդակահարում են 1939 թվականի փետրվարի 26-ին։ Արդարացվել է 1958 թվականին։