28 սեպտեմբերի 2017 - 12:47 AMT
Աստղադիտում՝ Գառնիի տաճարում

Հոկտեմբերի 1-ին` ժամը 19:30-21:30-ին,Գառնիիհեթանոսական տաճար այցելողները կկարողանան մասնակցել աստղադիտում-միջոցառմանը: Այն կազմակերպվում է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որն անցնում է «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո:

Կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի հետ համատեղ:

Աստղադիտումն անվճար կլինի բոլորի համար։

Մասնակիցները միջոցառման ընթացքում հնարավորություն կունենան բարձրակարգ աստղադիտակներով դիտել երկնային մարմիններ: Հետաքրքրվողները կստանան տեղեկություններ տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների վերաբերյալ, կծանոթանան տարբեր աստղադիտակների կառուցվածքին և աշխատանքի սկզբունքներին:

«Եկեք ընտանիքով և ձեզ հետ բերեք ձեր փոքրիկներին, նրանք ամենաշատն են հաճույք ստանում»,- ասվում է կազմակերպիչների ֆեյսբուքյան գրառման մեջ:

Տրանսպորտային միջոց չի տրամադրվում: