Մոնատիկի ներկայացուցիչ. Կազմակերպիչները մեզ խաբել են, բայց Մոնատիկը միևնույն է կգա Երևան

Մոնատիկի ներկայացուցիչ. Կազմակերպիչները մեզ խաբել են, բայց Մոնատիկը միևնույն է կգա Երևան

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Երևանում կայանալու էր առաջին UpEvn Open Air 2017 երիտասարդական փառատոնը, որի շրջանակում ելույթ էին ունենալու դիջեյներ, երգիչներ և երաժիշտներ Հայաստանից, Եվրոպայից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Նրանց թվում պետք է լինեին նաև ռուսաստանցի ռեփեր, Presnya Family երաժշտական լեյբլի հիմնադիր Kravz-ը և ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր Monatik-ը, սակայն համերգը չի կայանա:

PanARMENIAN.Net –ի հետ զրույցում Մոնատիկի և Kravz-ի տնօրեն Թամարա Վասյուխինան հայտարարել է, որ համերգի չեղարկման մեղավորը կազմակերպիչ ընկերություն Prime Production-ն է:

«Ընկերությունը չի կատարել պարտավորությունները արտիստի հանդեպ: Նրան չեն վճարել, ինչպես սովորաբար ընդունված է, հոնորարի մի մասը: Բացի այդ, մեզ մինչև վերջին պահը խաբում էին, կեղծ տեղեկություններ տրամադրելով տոմսերի վաճառքի վերաբերյալ: Ասում էին, որ տոմսերը վաճառվում են, պրոմոն անցկացվում է ինչպես հարկն է»,-ասել է Վասյուխինան:

Սեպտեմբերի 28-ի երեկոյան կազմակերպիչները հայտնեցին, որ համերգը չի կայանալու: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վաճառվել է ոչ ավելի քան 200 տոմս, և «նման մեծ միջոցառումը չի կարող իրականանալ առանց պետական և հովանավորչական աջակցության ու տոմսերի վաճառքի ցածր ակտիվության դեպքում»:

Վասյուխինան, սակայն, հայտարարել է, որ Մոնատիկն ու Kravz-ը, այնուամենայնիվ, կժամանեն Երևան՝ նրանք կմեկնեն արդեն սեպտեմբերի 29-ի երեկոյան և սեպտեմբերի 30-ին Հայաստանում կլինեն:

«Մենք չենք կարողանում կապ հաստատել Prime Production-ի տնօրեն Էդգար Հոկտանյանի հետ, նա չի պատասխանում զանգերին: Ըստ էության, այդ ընկերությունը ոչ միայն մեզ է խաբել, այլ նաև մարկանց, որոնց խոստացել են, որ համերգ կլինի և վաճառել են տոմսերը»,-ասել է Վասյուխինան՝ նշելով, որ գովազդային արշավը պատշաճ մակարդակով կազմակերպված չի եղել:

«Մենք գիտենք, որ Մոնատիկին սպասում են Հայաստանում և ուզում են մասնակցել նրա համերգին: Համերգի չեղարկման մեղավորները միայն կազմակերպիչներն են: Մենք կարող ենք դատի տալ նրանց դրա համար»,-ասել է Մոնատիկի համերգների տնօրենը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---