ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հանդիպել է Թալիշի բնակիչների հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը և ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի բնակիչների հետ:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների՝ Թալիշ գյուղում կատարած ոճրագործությունների վերաբերյալ:

Թալիշցի Արթուր Նազունցը Քրիստիան Վիգենինին տեղեկացրել է 2016 թվականի քառօրյա պատերազմում իր կնոջ ծնողների ընտանիքի՝ Վալերի, Մարուսյա և Ռազմելա Խալափյանների նկատմամաբ ադրբեջանցիների կողմից կատարված անմարդկային ոճիրների մասին:

Ներկայացնելով իրավիճակը՝ Թալիշի բնակիչներից Բորիս Մեջլումյանը նշել է, որ դեռևս 1992 թվականին բռնի ուժով տեղահանված գյուղն ազատագրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, իսկ 2016 թվականին թալիշցիները երկրորդ անգամ են ստիպված եղել թողնել գյուղը: Թալիշն ունի մոտ 580 բնակիչ, և Բորիս Մեջլումյանի խոսքով՝ նրանց մարտունակ ոգին անկոտրում է: «Գյուղը չենք կորցնելու»,-հավաստիացրել է նա՝ նշելով, որ թալիշցիներն անհամբեր սպասում են հայրենի գյուղ վերադառնալուն: Ներկաները բարձրացրել են նաը խաղաղ բնակչության անվտանգության երաշխիքների հարցը:

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչն իր խոսքում մասնավորապես ասել է. «Միշտ էլ շատ դժվար է հանդիպել այն մարդկանց հետ, ովքեր տուժել են պատերազմական բռնության հետևանքով: Իմ առաքելություններից մեկն էլ այդ մարդկանց հետ հանդիպելն է և տեղեկանալը, թե ինչ է իրականում կատարվում:

Տարածաշրջանում ես տարբեր մարդկանց հետ եմ հանդիպումներ ունեցել: 21-րդ դարում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմներ չլինեն, մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան: Ես հուսով եմ, որ մենք՝ իբրև պատգամավորներ, ժողովրդի ներկայացուցիչներ, պետք է մեր դերակատարումն ունենանք, որպեսզի ժողովուրդը կարողանա խաղաղ ապրել»: Քրիստիան Վիգենինի խոսքով՝ իր առաքելության նպատակն է նպաստել տարածաշրջանի երկրների միջև երկխոսության կայացմանը, խաղաղության հաստատմանն ու պահպանմանը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Հերմինե Նաղդալյանը կարևորել է Քրիստիան Վիգենինի հանդիպումը ԱՀ Թալիշ գյուղի բնակիչների հետ: Նա նշել է, որ 2017թ. հոկտեմբերի 2-6-ը Անդորրայում կայանալիք ԵԱՀԿ աշնանային նստաշրջանի ժամանակ Միջազգային և քաղաքական հարցերի հանձնաժողովում Վիգենինը ներկայացնելու է Հայաստան այցի արդյունքները:

2016 թվականի ապրիլի 2-ին Արցախա-ադրբեջանական ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտել, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանցիները գնդադակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924-ին ծնված Մարուսյա Խալափյանին։ Թալիշի տարհանված բնակիճները վերաբնակեցվել են Արցախի ավելի ապահով բնակավայրերում, ինչպես նաև Հայաստանում՝ Չարենցավան քաղաքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---