2 հոկտեմբերի 2017 - 16:39 AMT
Կուտակային կենսաթոշակի համակարգում մասնավոր հատվածի մասնակիցները պետականից շատ են

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը ներկայում 180.000-ից ավելի է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Աշխատաշուկա առաջին անգամ մուտք գործող անձանց հաշվին այսօր ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են, քան պետական հատվածի մասնակիցները: Ներկայումս մոտ 80 մլրդ դրամ միջոցներ են կառավարվում ակտիվները կառավարող ընկերությունների կողմից»,-ասել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, կառավարման արդյունավետության գնահատմանն ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում անհատների միջոցներն ավելացել են մոտ 32 տոկոսով: «Կարծում եմ, որ իսկապես դա բավականին լավ արդյունք է: Կարծում եմ, որ համակարգի ներդրման ու կայացման առումով բավականին կարևոր կլինի, որ քաղաքացիները ստուգեն հաշիվները, ինչպես նաև հաշվարկեն իրենց կենսաթոշակի չափը»,-ասել է նա:

Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը: «Իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ»,-ասաց նախարարը լրագրողների հետ հանդիպմանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրատեսական է այդ թիվը, հաշվի առնելով ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը, աախարար Ասատրյանն ասել է, որ բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է. «Մենք պետք է հաշվի առնենք միգրացիոն հոսքերը: Դրանք հիմա աշխարհում բավականին ինտենսիվացել են: Այդ առումով Հայաստանի Հանրապետության բնակչությունն ավելացնելու, ինչու ոչ նախանշված ցուցանիշներին հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձ»:

Արտեմ Ասատրյանի խոսքով, կառավարության բոլոր քայլերն ու ծրագրերը միտված են աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելմանը:

«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է այդ պայմանների ստեղծումն ապահովենք, առաջին հերթին՝ կառավարությունը: Այդ առումով պակաս կարևոր չեմ համարում ձեր կողմից համապատասխան նախադրյալների մասին առավել առարկայական քննարկումներ ունենալը: Կարծում եմ, որ դա մեր բոլորիս նպատակն է ու համատեղ կատարելիք աշխատանքի արդյունք պետք է լինի»,-ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը հետաձգվել է մինչև 2018-ի հուլիսի 1-ը: