2 հոկտեմբերի 2017 - 17:25 AMT
Հոկտեմբերի 7-ին՝ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում

Երևանի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ՝ հոկտեմբերի 7-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին և քաղաքային համապատասխան ծառայություններին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և այն համակարգված անցկացնել:

Կմաքրվեն և պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:

«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանն ընդառաջ կազմակերպվող համաքաղաքային շաբաթօրյակին ակնկալում եմ բոլորի մասնակցությունը, քանի որ սա բոլորիս տոնն է: Այս աշխատանքներում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներին կմիանան նաև պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրտացավ բոլոր երևանցիները նաև այս կերպ կարող են արտահայտել իրենց վերաբերմունքը հարազատ քաղաքի հանդեպ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: