3 հոկտեմբերի 2017 - 14:03 AMT
Փոխնախարար. Պարտադիր կուտակայինի լիարժեք ներդրումը չի հետաձգվի

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի ներդրման ժամկետը չի հետաձգիվի: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:

ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ ըստ գործող օրենսդրության, վերջին հետաձգումներից հետո, պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի լիարժեք ներդրումը նախատեսված է 2018-ի հուլիսի 1-ից, հայտնում է «Նովոստի-Արմենիան»:

«Ըստ օրենքի, 2018-ի հուլիսից համակարգի բոլոր շահառուները կմիանան պարտադիր կուտակային համակարգին և կառավարությունը մտադիր չէ փոփոխություններ կատարել այդ դրույթում»,-ասել է Թամազյանը:

Օրինագծի համաձայն՝ կառավարությանը վերապահված որոշ լիազորություններ կտրվեն ՀՀ ֆինանսների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին և ՊԵԿ-ին, հայտնում է Panorama.am-ը։

Կարեն Թամազյանը նշել է, որ նախագծի մի կետով առաջարկվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներառել նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են. «Այն անձինք, որոնք լիազորվում են միջազգային կառույցներ՝ աշխատանքի, ապա այդ կառույցները պարտավորվում են գումարներ փոխանցել ՀՀ պետական բյուջե, որպեսզի այդ մարդիկ կարողանան ստանալ կենսաթոշակ։ Գործատու է համարվում նաև միջազգային կազմակերպությունը:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Շաքե Իսայանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ միջազգային կազմակերպություններում քաղաքացիներն ավելի բարձր են վարձատրվում, չե՞ք կարծում, որ օրենքն այս տեսքով ընդունելու դեպքում ապահովում ենք իրավականորեն անհավասարության դաշտ ՀՀ և միջազգային կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիների համար»։

Ֆինանսների փոխնախարարն ի պատասխան ասել է. «ՀՀ օրենսդրությունը սահմանափակել է կուտակային վճար վճարելու առավելագույն շեմը, այսինքն դա 500 հազար դրամն է, այդ տեսանկյունից ՀՀ-ում, թե միջազգային կազմակերպությունում աշխատողներն ունեն համանման սահմանափակում։ Հետագայում եթե փոփոխություն լինի, կփոփոխվի համաչափ»։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ որով կենսաթոշակային վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը հետաձգվել է մինչև 2018-ի հուլիսի 1-ը: