4 հոկտեմբերի 2017 - 11:11 AMT
Կատալոնիան անկախություն կհռչակի առաջիկա օրերին

Իսպանիայի Կատալոնիա նահանգը մտադիր է անկախություն հռչակել արդեն առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը բրիտանական BBC-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, իր կառավարությունը համապատասխան քայլը կկատարի արդեն ընթացիկ շաբաթվա ավարտին կամ հաջորդի սկզբին:

Այն հարցին, թե ինչ կլինի, եթե Մադրիդի կենտրոնական կառավարությունը փորձի խանգարել դրան՝ Պուչդեմոնը պատասխանել է, որ դա մեծ սխալ կլինի: Այժմ Կատալոնիայի և Մադրիդի կառավարությունների միջև ոչ մի շփում չկա, գրում է Deutsche Welle-ն:

Հոկտեմբերի 1-ին Կատալոնիան, անտեսելով Մադրիդի սպառնալիքներն ու արգելքները, անցկացրեց անկախության հանրաքվե:Ըստ Կատալոնիայի իշխանությունների, Իսպանիայից անջատվելու օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը:Քվեարկությունն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որը փորձում էր խանգարել կատալոնացիներին՝ մոտ 900 մարդ տուժեց: Հոկտեմբերի 3-ին հարյուր հազարավոր կատալոնացիներ մասնակցեցին համընդհանուր գործադուլին՝ ընդդեմ ոստիկանության բռնության և հօգուտ Կատալոնիայի անկախության: