ՊՆ փոխնախարար. Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն Արցախի տարածքին չի վերաբերում

ՊՆ փոխնախարար. Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն Արցախի տարածքին չի վերաբերում

PanARMENIAN.Net - Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է հարցի վերաբերյալ հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ այն Արցախի տարածքին չի վերաբերում:

Ազգային ժողովը քննարկում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացման հարցը:

«Համաձայնագրով նախատեսվում են միացյալ գործողություններ, որոշումների կայացում և զորքերի կիրառում ՀՀ տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում և ՌԴ-ի տարածքի նկատմամբ ամբողջական սպառնալիքի և ագրեսիայի դեպքում։ Այս համաձայնագիրը նախատեսված է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ ռազմական գործողությունների կիրառման դեպքում», - ասել է Արտակ Զաքարյանը, գրում է Aysor.am-ը:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պաշտպանության փոխնախարարին հարցրել է, թե ինչպիսին կլիներ ՀԱՊԿ արձագանքը, երբ գնդակոծվում էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, եթե համաձայնագիրը լիներ 2015-2016 թվականներին: Նա հարցրել է նաև թե «որտե՞ղ է այն երաշխիքը, որ Թուրքիայի կողմից որևէ գործողության պարագայում ռեակցիա լինելու է»,

Ըստ Արտակ Զաքարյանի, ՀԱՊԿ համակարգում մի փոքր այլ տրամաբանություն է գործում, և յուրաքանչյուր անդամ-պետություն կարող է իր կոլեկտիվ անվտանգության համակարգից օգտվել որոշակի ընթացակարգերի պարագայում։ «Մեր պարագայում այդ ընթացակարգերի կիրառման անհրաժեշտությունը չի եղել և մեր զինված ուժերն ինքնուրույն են կարողացել համապատասխան խնդիրը լուծել», - ասել է Զաքարյանը։

Ինչ վերաբերում է «Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին» համաձայնագրին, ապա, փոխնախարարի խոսքով, համաձայնագիրը խաղաղ ժամանակ պլանավորում է բոլոր հնարավոր զարգացումները, ռիսկերն ու վտանգները։«Այս համաձայնագրի պարագայում միայն հայ-թուրքական սահմանի հանգամանքը չի, սա ընդհանուր Հայաստանի Հանրապետության պետական սահմանի նկատմամաբ ցանկացած տիպի ագրեսիայի և զինված հարձակման պարագայում համաձայնագիրը գործում է», -ասել է Զաքարյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---