BBC. Հայերի շռայլության և հյուրընկալության մասին

BBC. Հայերի շռայլության և հյուրընկալության մասին

PanARMENIAN.Net - BBC-ի մեկնաբան, գրող Բեն Լերվիլը, ճամփորդելով Հարավային Կովկասով, Վրաստանից հասել է Հայաստան և գիշերել Դիլիջանում: Նա պատմում է հայերի շռայլության և հյուրասիրության մասին:

Մեկնաբանը գրում է, որ, ուսումնասիրելով հնացած ուղեցույցը, մի հյուրատան հասցե է գտել Դիլիջանում, որը բավականին դժվար է գտել քաղաքի մերձակայքում:

«Տունը մի խաղաղ բլրի վրա էր գտնվում, և փոշոտ ճանապարհից անջատված էր մետաղյա դարպասներով: Ես թակեցի, բայց ի պատասխան միայն լռություն էր: Ես փորձեցի հայերեն բղավել՝ բարև ձեզ, սկզբից ցածր, հետո ավելի բարձր՝ բավականին հիմար վիճակում հայտնվելով: Շուտով, սակայն, ոտնաձայներ լսվեցին և գոգնոցով միջին տարիքի մի կին բացեց դուռը»,-ասվում է հոդվածում:

Հյուրին ընթրիքի են հրավիրել, որն, ինչպես պարզվել է, տոնական էր՝ նշում էին տան տիրոջ դրստեր 18-ամյակը: Լերվիլը նշում է, որ Լուսինե անունով 18-ամյա աղջկա մայրը նորանոր ուտեստներ էր մատուցում իրեն: Սեղանին ավանդական լավաշն էր, սմբուկ և ձիթապտուղ, թարմ բողկ և պանիր, հետո հայտնվեց խոզի մսից պատրաստված խորովածը, իսկ հետո սունկ, հավ և էլի բազում ուտեստներ: Սեղանին էր նաև տնական մրգի օղին:

«Հորեղբայրներն իմ երկու կողմում էին նստել: Երկուսն էլ ուրախ էին ու մի փոքր գեր և իրենց պարտքն էին համարում բաժակս դատարկ չթողնել: Օղին նույնքան հաճախ էր հայտնվում, որքան ճաշատեսակները»,-ասվում է հոդվածում:

Ըստ Լերվիլի, երեկոն ավարտվեց գրկախառնություններով և լեզվական տեսակետից անհույս հավաստիացումներով հավերժ բարեկամության մասին:

Առավոտյան հեռանալով հյուրընկալ տնից՝ հեղինակը բարձր գնահատեց ընտանիքի հյուրասիրությունը: «Հայերն, ինչպես իրենց կովկասյան հարևանները, աչքի են ընկնում շռայլությամբ օտարների հանդեպ: Կովկասի 3 երկրները՝ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը առողջ կասկածանքով են վերաբերվում իրար: Կա մի հայկական կատակ, որ հաստատում է դա: Տղան հարցնում է հորը, թե ինչու Հայաստանը դեռ տիեզերագնաց չի ուղարկել տիեզերք: «Որովհետև այդ դեպքում վրացիները նախանձից կմեռնեն»,-պատասխանում է պապը: «Իսկ եթե վրացիները նախանձից մեռնեն, մենք բավականությունից կվախճանվենք ու բոլոր հողերը կմնան ադրբեջանցիներին»: Սակայն, ըստ Լերվիլի, ճամփորդներին ամբողջ տարածաշրջանում զարմանալիորեն լավ են վերաբերվում:

Հոդվածում հեղինակը պատմում է նաև Հայոց ցեղասպանության և 1,5 մլն նահատակների մասին: «Ես այսպես կասեմ. եթե դուք հյուրընկալվեք Հայաստանում, դժվար թե մոռանաք դա երբևէ»,-ավարտում է հոդվածը հեղինակը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---