Մխիթարյան. Տարբերություն չեմ դնում ազգային հավաքականում և «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու միջև

Մխիթարյան. Տարբերություն չեմ դնում ազգային հավաքականում և «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու միջև

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը պատրաստ է Լեհաստանի հետ խաղին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ խոսելով Լեհաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպման մասին:

«Միշտ էլ բարձր տրամադրությամբ եմ ժամանում հավաքական: Պատրաստ ենք խաղին, թեև այսօր ևս մեկ մարզում ունենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի չկրկնենք նախկին սխալները ու լավագույն կերպով ներկայանանք խաղին»,-ասել է նա, գրում է Armfootball-ը:

«Այո, Լեհաստանի հետ նախորդ խաղին չմասնակցեցի, բայց նայում էի խաղը, տղաները մեծ ջանքեր գործադրեցին, վերջին րոպեին գոլ բաց թողեցինք: Լևանդովսկուն, Բլաշիկովսկուն և Պիշչեկին լավ ճանաչում եմ, մեծ ուժ են Լեհաստանի հավաքականի համար, հիանալի ֆուտբոլիստներ են: Շատ լավ մարդկային որակներ ունեն, շատ լավ տղաներ են: Եթե հնարավորություն ունենամ, խաղից հետո մեծ հաճույքով կհանդիպեմ, կխոսենք»,-ասել է Մխիթարյանը:

Նա հավելել է, որ այս շրջափուլում դեռ երկու հանդիպում կա, դրանցից հետո նոր կարելի է ամփոփել շրջափուլը: Ֆուտբոլիստը նշել է, որ պետք է այս երկու խաղերում լավագույն ձևով ներկայանալ, փորձել դրական արդյունքի հասնել: «Կապ չունի, որ հնարավորություն չունենք եզրափակիչ փուլ դուրս գալու, պետք է խաղանք մեր ազգի համար, ապացուցենք, որ կարող ենք արդյունքի հասնել»,-ասել է Մխիթարյանը:

«Տարբերություն չեմ դնում ազգային հավաքականում և «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու միջև: Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում: Եթե կան դժգոհություններ, դա նրանց կարծիքն է, ես գիտեմ, թե որքանով եմ տրվում հավաքականին: Հնարավոր է՝ «Մանչեսթերում» փորձում եմ ավելի շատ խաղը ինձ վրա վերցնել, իսկ հավաքականում փորձում եմ օգնել նաև թիմակիցներիս, ավելի թիմային խաղալ:

Դանիայի հավաքականի հետ խաղից հետո նյարդայնացած էի, այդ պատճառով չխոսեցի լրագրողների հետ: Նման վիճակում ավելի լավ է չխոսել: Այդ խաղն արդեն անցյալում է: Սխալները վերլուծել ենք: Պետք է կենտրոնանք մեր խաղի վրա, այլ ոչ թե նրա վրա, որ խանգարենք Լեհաստանին: Պետք է մեր խաղը խաղանք»,- նշել է Հայաստանի հավաքականի ավագը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---