ՄԱԿ-ը երախտապարտ է Հայաստանից՝ մեծ թվով փախստականներ ընդունելու համար

ՄԱԿ-ը երախտապարտ է Հայաստանից՝ մեծ թվով փախստականներ ընդունելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ պատրաստակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։ Այդ մասին ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանում հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով մոտ 22.000 փախստականի, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում:

ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ, ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը։ Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երախտագիտություն է հայտնել Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար:

Փախստականների ընդունման և ինտեգրման հարցում ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ իշխանությունների սերտ համագործակցությունը։

Փոխնախարարն անդրադարձել է Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։

Նախարարի տեղակալը դատապարտել է նաև նախորդ տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Օլգա Ալգաերովայի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց Հայաստանի և ՄԱԿ Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի միջև կայուն համագործակցության մակարդակը և մի շարք ծրագրերի հաջող ընթացքը։ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում երկրի զարգացման հետագա ընթացքը Կայուն զարգացման նպատակների օրակարգին համապատասխանեցնելու հարցում։

Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաև ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի՝ Գործողությունների հարցերով տեղակալ Ջորջ Վիլյամ Օկոթ-Օբբոյի հետ, որի հետ քննարկվեցին Հայաստանի կողմից փախստականների ընդունման և երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց ինտեգրմանն առնչվող մի շարք հարցեր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---