ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. ՀՀ-ն քիչ է ծախսում առողջապահության վրա

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. ՀՀ-ն քիչ է ծախսում առողջապահության վրա

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է բարելավի առոջապահական համակարգը առաջնային և երկրորդային օղակներում: Այդ մասին հայտարարել է Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ ՀՀ պետական ծախսը առողջապահության ոլորտում չափազանց ցածր է, այն ավելի քիչ է, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը։

Նրա խոսքով՝ դա պետք է արվի առաջին հերթին նրա համար, որ բնակչության մոտ չլինի այն մտայնությունը, որ պատշաճ բժշկական խնամք ստանալու համար պետք է գնալ մայրաքաղաք։ Պուրասի այցի նպատակն է պարզել, թե Հայաստանն ինչ աշխատանք է տանում՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել մինչ օրս, ինչ ձեռքբերումներ կան, և ինչ մարտահրավերներ են մնում չհաղթահարված, հայտնում է Panorama-am-ը։

Հատուկ զեկուցողը նշել է, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, Սահմանադրական դատարանի անդամների, ինչպես նաև առողջապահության ոլորտին առնչվող համապատասխան հաստատությունների ղեկավարներին, Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այցելել է տարբեր առողջապահական հաստատություններ Երևանում, Աբովյանում, Սևանում, Դիլիջանում, Վանաձորում և Սպիտակում, եղել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, մի քանի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև մի շարք դպրոցներում։

«Ծանոթացել եմ Հայաստանի առողջապահական ոլորտում իրականացվող բարեփոխումներին և գովելի եմ համարում այն ջանքերը, որոնք իրականացվում են այս ուղղությամբ»,- նշել է Դայնիուս Պուրասը։

Նրա կարծիքով՝ առաջին հերթին պետք է նվազեցվեն առողջապահական համակարգում անհավասարություններն ու տարբերությունները, որոնք առաջանում են աշխարհագրական և սոցիալ-տնտեսական պայմաններից։

Այնուհետև բանախոսն առանձնացրել է իրեն հուզող մի շարք մտահոգություններ։

«Օրինակ՝ պետական ծախսը առողջապահության ոլորտում չափազանց ցածր է, այն ավելի քիչ է, քան ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Դա տարածաշրջանում ամենացածր ցուցանիշներից է, և գուցե հենց ամենացածր ցուցանիշն է։ Ներդրումներն առոջղապահության ոլորտում մեծապես հիմնված են տարբեր դոնորներից ստացված ֆինանսական միջոցների վրա, սա լավ նորություն է, որ կան դոնորներ, բայց կառավարությունը պետք է հաշվի առնի, թե ինչ տեղի կունենա, երբ դոնորները մի օր հեռնանան։ Այստեղ առողջապահական համակարգի կայունության խնդիր կառաջանա»,- թվարկել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը՝ նշելով, որ իր առաջարկությունները կլինեն այս խոչընդոտների ուղղությամբ։

Նա շեշտել է նաև, որ ոլորտի նկատմամբ բոլորը պետք է պատասխանատվություն զգան և մասնակցություն ունենան։

«Ինձ մասնավորապես հետաքրքրում են Կայուն զարգացման օրակարգ 2030-ի շրջանակներում ներառված մի շարք հատուկ խնդիրներ: Դրանցից են` առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկումը, առողջության խթանումն ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, առաջնային բուժօգնությունը, հոգեկան առողջության պահպանումը (հատկապես համայնքահեն ծառայությունները), ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով և տուբերկուլոզով ապրող մարդկանց իրավունքները, ինչպես նաև ակադեմիական բժշկության, բժշկական կրթության և հետազոտությունների դերը»,- ասել է նա։

Հատուկ զեկուցողը հավելել է. «Իմ եզրակացությունը հետևյալն է, որ լավ հնարավարություններ կան Հայաստանում առողջության իրավունքի առաջադիմական իրացման հասնելու, բայց պետական իշխանությունները պետք է ակտիվ քայլեր ձեռնարկեն՝ արձագանքելու կառուցվածքային մարտահրավերներին՝ թե օրենսդրական, թե պրակտիկ դաշտերում»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---