Վարչապետ. ՀՀ-ն պատրաստ է արտոնյալ ռեժիմները տրամադրել իրանցի գործընկերներին

Վարչապետ. ՀՀ-ն պատրաստ է արտոնյալ ռեժիմները տրամադրել իրանցի գործընկերներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին «շատ լավ տրամադրությամբ են դուրս եկել բանակցություններից և շատ լավատես՝ դեպի հեռանկարներ»։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ունեցել ենք կառուցողական և առարկայական հանդիպումներ։ Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և խոսել բոլոր այդ թեմաներով», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Կարեն Կարապետյանն ընդգծել է՝ ամրագրել են, որ շահագրգռված են իրանական բիզնեսի, կապիտալի և իրանական ընկերությունների Հայաստան գալու հարցում։ «Այն արտոնյալ ռեժիմները, որ Հայաստանն ունի, պատրաստ ենք շատ բաց տրամադրել իրանական գործընկերներին», - նշել է Կարապետյանը։

Վարչապետն ասել է, թե կողմերը հաստատել են, որ պատրաստակամ են երկկողմ հարաբերությունների ծավալները մեծացնելու և վերացնելու այդ ճանապարհին առաջացող խոչընդոտները։

«Խոսել ենք տարածաշրջանում հնարավոր համագործակցության մասին։ Իրանի մեր գործընկերներին շնորհակալություն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում իրենց դիրքորոշման համար», - եզրափակել է Կարեն Կարապետյանը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է ԻԻՀ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---