Նախարար. ԿԳՆ-ն պատրաստ է նպաստել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ավելացմանը

Նախարար. ԿԳՆ-ն  պատրաստ է նպաստել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ  դպրոցների ավելացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է հնարավորություններ ստեղծել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատայի և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա Ղալթախչյանի հետ հանդիպմանը։

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը:

Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է ստեղծել հնարավորություններ օտար լեզուների, մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Մկրտչյանը միաժամանակ կարևորել է ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2018-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի և Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարանների համաժողովի նախապատրաստման աշխատանքներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---