Միջազգային քաղաքականության հրատապ հիմնախնդիրները Ադբեջանը տարածում է ղարաբաղյան հակամարտության վրա

PanARMENIAN.Net - «Բաքվում իշխող կլանի էթնիկական ծագման հաշվառումով «քրդական թեման» ժամանակակից Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ամենանուրբ թեմաներից է: Բանը միայն այն չէ, որ վերոհիշյալ էթնիկական խմբի ներկայացուցիչները բազմաթիվ առանցքային պաշտոններ են զբաղեցնում ադրբեջանական իշխանության բարձր ատյաններում, այլ նաեւ Թուրքիայի թիվ 1 թշնամու` ՔԲԿ ստեղծման եւ ուսուցման գործում նախիջեւանյան կլանի նախահայր, ԱդրԽՍՀ Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւի դերակատարությունը»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում ադրբեջանական կողմից «քրդական խնդրի» շահարկումների վերաբերյալ:



ԼՂՀ ԱԳՆ-ն գտնում է, որ հենց այդ հանգամանքին են վերլուծաբանները վերագրում թուրքական ղեկավարության սառը վերաբերմունքը հանգուցյալ Ալիեւ ավագի նկատմամբ: 2003թ. հունվարին Բաքու կատարած այցի ժամանակ Թուրքիայում առաջատար «Արդարություն եւ զարգացում» կուսակցության այն ժամանակվա ղեկավար Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանում մշակութային միջոցառումների քողի տակ գործում են քրդական բանվորական կուսակցության բջիջներ: Ռ. Էրդողանի հայտարությունը այնքան բուռն արձագանք է առաջացրել, որ Ադրբեջանի այն ժամանակվա ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը ստիպված էր հանդես գալ պաշտոնական հերքումով; Հատկանշական է, որ Նամիկ Աբասովը չի բացառել Ադրբեջանում ՔԲԿ համակիրների եւ նրանց ֆինանսական աջակցություն ցուցաբերողների առկայությունը, բայց նման անձանց գործունեությունը, ինչպես հավաստիացնում էր պրն. Աբասովը, գտնվում էր «Ադրբեջանի իրավապահ մարմինների վերահսկողության տակ»:



«Տվյալ համատեքստում ամենեւին էլ պատահական չեն ադրբեջանական կողմի օպերատիվ արձագանքը թուրքական մամուլում հրապարակված ապատեղեկատվությանը եւ դրան հաջորդած պաշտոնական շրջանակների` քրդական հիմնախնդրից զերծ մնալու եւ հերթական անգամ ԼՂՀ վրա շեշտադրում անելու փորձերը»,- ընդգծում են հայտարարության հեղինակները:



Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը վստահ է, որ եթե մի կողմ դնենք «քրդական թեմատիկայի» առանձնահատկությունը, խոսք է գնում Ադրբեջանի կողմից հերթական անգամ միջազգային քաղաքականության հրատապ հիմնախնդիրները «պատճենելու» եւ ղարաբաղյան հակամարտության վրա տարածելու` Ադրբեջանին հատուկ քարոզչական մարտավարության մասին: Այսպես, տարբեր ժամանակներում, քաղաքական իրավիճակից ելնելով, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «ղարաբաղյան շարժումը հրահրվել է արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից կոմունիստական հասարակարգը եւ ժողովուրդների եղբայրությունը սասանելու համար», ավելի ուշ նշվել է, որ «Ղարաբաղի հայերի պահանջի ետեւում ինքնիշխան Ադրբեջանին պատերազմ հայտարարած Կրեմլի իշխանություննների միապետական ամբիցիաներն են»: «Տեղեկատվական-քարոզչական պատերազմի շրջանակներում տարբեր տարիների ադրբեջանական իշխանությունները եւ նրանց կողմից վարձատրվող կառույցները հայտարարել են ԼՂՀ-ում Ալ Ղաիդայի եւ արմատական մահմեդական կազմակերպությունների, միջուկային զենքի պատրաստման լաբորատորիաների, միջուկային թափոնների առկայության մասին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը նույնիսկ փաստաթուղթ է տարածել առ այն, որ 1991-94թթ. պատերազմի ժամանակ հայկական կողմը միջուկային զենք է օգտագործել: Միջազգային քաղաքական պատեհապաշտությունից ելնելով Ադրբեջանում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ձեւով տարբեր, բայց էությամբ նույն ուղիները: Խոսվել է «անձնագրային ռեժիմի ստուգման» լայնածավալ գործողություններ անցկացնելու, ադրբեջանական ՕՄՕՆ-ի գործողությունների ակտիվացման, ԼՂ-ում հակաահաբեկչական գործողությունների իրականացման, «ահաբեկչական ենթակառուցվածքները» ռմբակոծելու, «ԼՂ հայերին ահաբեկիչներից փրկելու համար մարդասիրական ներխուժման», «Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու նպատակով հարկադիր գործողությունների» իրականացման անհրաժեշտության մասին: Այսպիսով, «միջազգային չարիքի տեղային դրսեւորման» զոհի որակով իրեն ներկայացնելու Ադրբեջանի գործելակերպը նորություն չէ: Այն միանգամայն ներգրվում է ղարաբաղյան հիմնախնդիրը ուրիշի ձեռքերով լուծելու Ադրբեջանի մարտավարությանը: Սակայն եթե նախկինում նման հայտարարությունները հնչում էին պաշտոնական մակարդակով, ապա այժմ, գիտակցելով դրանց ամբողջ անհեթեթությունը, պաշտոնական Բաքուն նման թեմաների շրջանառության համար առաջ է քաշել Նիզամի Բահմանովին: Ցավալի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը Նիզամի Բահմանովին օգտագործում է սադրիչ գործողություններում, ինչը հակասում է ոչ միայն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներին, այլեւ` առողջ բանականությանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---