15 փետրվարի 2008 - 12:51 AMT
ԵՄ. Լավ շանս կա նորմալ հասարակություն ստեղծել «սառեցված հակամարտությունների» գոտիներում
«Սեւծովյան նախաձեռնությունների» իրագործման համար Եվրամիությունը տարեկան կհատկացնի 1,7 մլրդ եվրո: Այդ մասին փետրվարի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված էր ԵՄ անդամ պետությունների եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերի հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռեգնումի» թղթակիցը:

«Կցանկանայի ընդգծել, որ դրանք միջոցներ են, որոնք հատկացվել են այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են հարեւանության քաղաքականությունը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեկնածությունը, ինչպես նաեւ այն երկրներին, որոնք արդեն դարձել են Եվրամիության անդամ: Բացի այդ, դա 700 մլն եվրո է հատուկ ներդրումային հիմնադրամից»,-ասել է հանձնակատարը: Նա նաեւ հաղորդել է, որ ԵՄ-ին Բուլղարիայի եւ Ռումինիայի անդամակցության հետ Եվրամիությունը մոտեցավ Սեւ ծովին, դարձավ Սեւ ծովի մի մասը եւ այժմ կարելի է խոսել սեւծովյան նախաձեռնության կոնկրետ իրագործման մասին: «Այժմ մենք կարող ենք առանձնակի քաղաքական ուշադրություն հատկացնել աշխարհի այդ մասին եւ ամրապնդել իր համագործակցությունը այդ տարածաշրջանի երկրների, հատկապես Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների հետ»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը:

Բացի այդ, նշել է նա, դա լավ շանս է նորմալ հասարակություն ստեծղելու համար այն վայրերում, որտեղ դեռեւս մնում են «սառեցված հակամարտություններ»: «Եվ մենք կարող ենք այժմ քննարկել այդ հարցերը միասին եւ ընդհանուր ջանքերով հանգուցալուծել այն, ինչ արդեն տարիներ շարունակ հուզում է մեր հանրությանը: Մենք նաեւ կքննարկենք մեր ընդհանուր անվտանգության, էներգետիկ հարցերը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների պահպանման, միգրացիայի եւ միջազգային ահաբեկչության հարցերը»,-լրագրողներին է հաղորդել Բենիտա Ֆերերո-Վալդները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2007 թվականի նոյեմբերի 1-ից Ուկրաինան նախագահում է ՍԾՏՀ-ում: ՍԾՏՀ գործունեությունն այսօր տարածվում է շուրջ 20 մլն քառակուսի կիլոմետր տարածքի վրա` շուրջ 350 մլն բնակչությամբ եւ տարեկան շուրջ 300 մլրդ արտաքին առեւտրային գործունեության ներուժով: ՍԾՏՀ անդամներ են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սերբիան եւ Ուկրաինան: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում (Թուրքիա):