Ռուսաստանը կարող է ճանաչե՞լ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ Կոսովոն անկախ պետություն հռչակելու դեպքում: Կոսովոյի անկախության ճանաչման ու հռչակման դեպքում, անպայման, պետք է հաշվի առնվեն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տիրող իրավիճակները: Ընդ որում, Ռուսաստանը հաստատում է իր անփոփոխ ձգտումը` աջակցելու վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում եւ ամեն կերպ հակազդելու խնդիրները ուժային միջոցներով կարգավորելուն»,- ասվում է ՌԴ ԱԳՆ լրատվության վարչության հայտարարության մեջ:



ԱԳՆ հայտարարությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի եւ Էդուարդ Կոկոյտիի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը հաստատել են հակամարտությունների կարգավորման բանակցությունների շուտափույթ վերականգնման մտադրությունը:



Նշենք, որ հետխորհրդային տարածքում չճանաչված հանրապետությունների նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի հարցը տրվել է Վլադիմիր Պուտինին Կրեմլում մամլո ասուլիսի ժամանակ: «Կոսովոյի ճանաչումը ահազանգ կդառնա Ռուսաստանի համար, Մոսկվան պատասխան կտա իր գործընկերների նման գործողություններին, որպեսզի ապահովի իր շահերը»,- ասել է Ռուսաստանի նախագահը:



Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչիի խոսքերով, տարածաշրջանը մտադիր է իր անկախությունը հռչակել մոտակա օրերին: Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում 15 անդամներից միայն 5-ն են կողմ հանդես եկել Մարտի Ախտիսաարիի ծրագրին, որը ենթադրում է Կոսովոյին անկախության տրամադրում: Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը գումարվել էր Սերբիայի եւ Ռուսաստանի պահանջով:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---