15 փետրվարի 2008 - 19:10 AMT
Ադրբեջանական ինքնաթիռը չի խախտել Հայաստանի օդային սահմանը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական ՌՕՈՒ-ի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին լուրերը: «Լուրերն այն մասին, որ ադրբեջանական ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային տարածքը, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մեր ՀՕՊ-ի համակարգը թույլ չի տա ոչ մի պետության խախտել մեր սահմանները»,-ուրբաթ օրը լրագրողներին է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Ընդ որում նա նշել է, որ վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական ավիացիայի թռիչքների ինտենսիվությունն աճել է:

«Նրանք մտադիր չեն խախտել մեր սահմանը, այլ ուղղակի ռազմական զորավարժություններ են անցկացնում: Ադրբեջանական կողմը գիտի, որ Հայաստանն ունի ՀՕՊ-ի ամենաարդիական համակարգը տարածաշրջանում: Թող ոչ ոք չմտածի թե կարող է անպատիժ խախտել մեր սահմանը, քանի որ ՌՈՈՒ ուժերի զինծառայողները կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրները»,-ասել է Հարությունյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Նշենք, որ որոշ հայկական ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել այն մասին, թե ադրբեջանական ինքնաթիռը փորձել է ներխուժել Հայաստանի օդային տարածք: Բացի այդ, հաղորդվել է, որ վերջերս հաճախակի են դարձել Ադրբեջանի ռազմա-օդային ինթնաթիռների թռիչքները հայ-ադրբեջանական սահմանում եւ Լեռնային Ղարաբաղի մերձակա գոտում: