
Հայաստանն ու Բելառուսը Հայ-բելառուսական բարեկամության անտառ կհիմնեն: Այդ մասին հայտնել է Բելառուսի անտառտնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Նոր անտառը պետք է հիմնվի Հայաստանում 2018-ին: Այդ մասին կողմերը պայմանավորվել են Մինսկում՝ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակում:
Հոկտեմբերի 19-21-ը Մինսկում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
«Եթե Բելառուսի համար անտառտնտեսությունը կարևոր տնտեսական նշանակություն ունի, ապա Հայաստանի համար առաջին հերթին՝ բնապահպանական»,-ասել է գյուղատնտեսությաննախարար Իգնատի Առաքելյանը։
Դեռ կոնկրետ որոշված չէ, թե որտեղ պետք է հիմնվի անտառը, սակայն երկու երկրների մասնագետները կանդրադառնան այդ հարցին հոկտեմբերի վերջում, երբ բելառուսական պատվիրակությունն այցելի Հայաստան:
Հավանաբար տնկիները Բելառուսն անհատույց կտրամադրի Հայաստանին: Ըստ Բելառուսի անտառտնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի, երկիրը պատրաստ է հայկական կողմին մինչև 10-15 հա համար տնկանյութ հատկացնել, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել:
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Նիստի ավարտին կայացել է արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը: