ՀՀ նախագահը` Եվրասիական միջկառավարական խորհրդին. Պետք է վերացնել տեխնիկական արգելքները

ՀՀ նախագահը` Եվրասիական միջկառավարական խորհրդին. Պետք է վերացնել տեխնիկական արգելքները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Սապար Իսակովին, Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիտժան Սագինտաևին, որոնք Երևանում կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Հանդիպմանը կառավարությունների ղեկավարների հետ միասին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նախագահը ողջունել է ինտեգրացիոն միավորման անդամ երկրների վարչապետներին և վստահություն հայտնել, որ Երևանում հոկտեմբերի 25-ին կայանալիք միջկառավարական խորհրդի նիստն արդյունավետ կլինի ու կծառայի եվրասիական ինտեգրացիան առաջ մղելու շահերին, ինչպես նաև կնպաստի երկու շաբաթ առաջ ԵՏՄ հերթական գագաթնաժողովում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Սերժ Սարգսյանը կարևորել է խորհրդի գործունեությունը և շնորհակալություն հայտնել ակտիվ ու արդյունավետ աշխատանքի համար:

Ընդգծելով, որ ծանոթ է երևանյան նիստի օրակարգին, նախագահ Սարգսյանը, ի թիվս քննարկման ներկայացված մի շարք հարցերի, նշել է հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը, որը, նախագահի համոզմամբ, խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, ինչը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա: Նախագահը հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ օրակարգում ներառված մյուս արդիական հարցերը համատեղ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնեն և նիստի աշխատանքին մաղթել է հաջողություն:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև նման ձևաչափով հանդիպումների ժամանակ ոչ պաշտոնական շփումները, որոնք նպաստում են նիստը հյուրընկալող երկիրն ավելի լավ ճանաչելուն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Հայաստանում խորհրդի նիստի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծված հրաշալի պայմանների համար և նշել, որ տրամադրված են հանգամանորեն քննարկելու օրակարգում ներառված՝ մասնակից երկրների համար արդիական բոլոր հարցերը, համատեղ լուծումներ գտնելու, շարժվելու առաջ և պահելով տեմպը՝ իրականացնելու այն որոշումները, որոնք ընդունվում են ԵՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովներում:

ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը իրականացվող աշխատանքը կարևորել է նաև տնտեսական կյանքի ժամանակակից միտումներին համապատասխան առաջ ընթանալու տեսանկյունից, որպեսզի միության անդամ երկրների տնտեսությունները կարողանան պահպանել մրցունակությունը՝ ապահովելով իրենց քաղաքացիների համար հարմարավետ կյանք և բարեկեցություն:

Ընթերցեք նաև. Մեդվեդևի այցի 1-ին օրվա արդյունքները. Գազի գինը դեռ չի փոխվի, աբխազական երկաթուղին էլ չի բացվի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---