Նախարար. Բանակում պետք է ծառայեն բոլորը՝ կամ բոլորն ունեն տարկետում, կամ ոչ ոք չունի

Նախարար. Բանակում պետք է ծառայեն բոլորը՝ կամ բոլորն ունեն տարկետում, կամ ոչ ոք չունի

PanARMENIAN.Net - Բանակում պետք է ծառայեն բոլորը՝ կամ բոլորը ունեն տարկետում, կամ ոչ ոք չունի, ով բարձրագույն կրթություն, գիտական ներուժ ունեցող մարդ է, կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, գնում է երկու տարվա ընթացքում շարքային զինծառայություն է անցնում։ Այդ մասին հայտարարել է ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանն Աժ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

Նա հավելել է, որ որևէ պարտադրանք այս քաղաքականությունները իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն են տալիս ընտրել՝ ինչ քաղաքականություն են ընտրում հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու համար, հայտնում է Aysor.am-ը։

«Ելք»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանը ասել է, որ բողոքող ուսանողները առաջարկում են, որ, օրինակ, տարկետման քանակը կրճատելը լինի ռոտացիայով։ «Այդ թվերը կրճատելը մեկ այլ խնդիր է բերելու։ Նեղանալու է ոսկե երիտասարդության այն շրջանակը, որոնք այդ քիչ տարկետումից կարողանալու են օգտվել. ես դեմ եմ դրան՝ կամ բոլորը ունեն տարկետում, կամ ոչ ոք չունի, դա է իմ սկզբունքային մոտեցումը»,-ասել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նախարարը մատնանշել է իր փորձը՝ ասելով, որ իր պարտքը կատարել է որպես սպա, քանի որ այդ պահին ունեցել է երեք բարձրագույն կրթություն։

«Շատ հպարտ եմ սպայական ծառայության տարիներով, համարում եմ, որ այդ տարիները ինձ շատ բան են տվել։ Գիտությունից էլ ինձ առանձնապես հետ չեմ պահել, դասավանդել եմ տարբեր տեղերում։ Եթե կան մարդիկ որ համալսարանում սովորում են ու ձեզ հետ քննարկումներում դժգոհում, թե այս օրինագծերով բոլոր գիտական հեռանկարները քայքայվում են, ուզում եմ, առիթն օգտագործելով վստահեցնել, որ դա այդպես չէ։ Գիտակ մարդը զինված ուժերում միշտ պետք է իր տեղն ունենա», - հավելել է Վիգեն Սարգսյանը։

Նախարարն ասել է, որ օրենսդրական դաշտը ստեղծելուց հետո, ծառայության կարգի մասին որոշում կընդունի կառավարությունը և այդ փուլում հնարավոր կլինի լսել կարծիքներ ու ծրագրերում կատարել փոփոխություններ։

Մանե Թանդիլյանը նաև հետաքրքրվել է, թե արդյոք այս օրենքը նախատեսում է վերացնել հետախուզումը 27 տարեկանը լրանալուց հետո՝ որոշակի վճարումների դիմաց և նախարարի մոտեցումն ինչպիսին է այս հարցում։ «Այս հարցում իմ մոտեցումները չեն փոխվելու։ Ես գիտեմ, որ պատգամավորները նոր նախագիծ են նախատեսում, երբ այն կլինի, կխոսենք։ Ես դեմ եմ այդ նախագծին, առիթ ունեցել եմ դրա մասին խոսել, կառավարությունում այս դահլիճում, իմ մոտեցումները չեն փոխվելու։ Ես համարում եմ, որ չի կարելի գումարով սահմանադրական պարտականությունից ազատվել և համարել, որ ամեն ինչ նորմալ է, որ ինչ-որ մեկը փող ունի, չի ծառայում, իսկ ով անապահով է, առաջնագծում ծառայում է. իմ մոտեցումները սրանք են»,-ասել է նա։

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 9 պատգամավոր:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---