Չեխահայ ձեռնարկատերը հաղթել է թուրք-գերմանական հզոր ընկերությանը Թուրքիայում

Չեխահայ ձեռնարկատերը հաղթել է թուրք-գերմանական հզոր ընկերությանը Թուրքիայում

PanARMENIAN.Net - Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա Ինթերնեշընլ» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գևորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթել է գերմանական հանրահայտ Dr.Oetker ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։

Ինչպես ասել է ընկերության սեփականատեր Գևորգ Ավետիսյանը, դեռևս 2016 թվականի վերջին Թուրքիայում գործող իրենց առևտրային գործընկերները ահազանգել էին, որ խանութներում և մեծ սուպերմարկետներում հայտնվել է «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ Dr.Oetker ապրանքանշանով։ Ավելին, նույնիսկ համացանցով և հեռուստատեսությամբ տրվել են «Մառլենկա» տորթի պատրաստման եղանակների տեսահոլովակները։

«Այս փաստը մեզ շատ զարմացրեց, քանի որ նման հանրահայտ ընկերության կողմից այսպիսի կեղծիք չէինք սպասում։ Անմիջապես կապվեցինք Բռնոյում գործող մեր գործընկեր փաստաբանական գրասենյակի հետ, նրանց խորհրդով նաև կապ հաստատեցինք Թուրքիայում գործող GUN փաստաբանական ընկերության հետ, և անմիջապես լծվեցինք կատարված կեղծիքի բացահայտմանը։ Նախևառաջ ներկայացնելով բոլոր անհարաժեշտ փաստաթղթերը, պահանջեցինք, որպեսզի շուկայից հանվեն «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու բոլոր տուփերը։ Dr.Oetker-ի Թուրքիայի ներկայացուցչությունը այս ողջ ընըացքում փորձում էր ձգձգել հանդիպումները, և գրեթե 5 ամիս չէինք կարողանում վերջնական պայմանավորվածության գալ։ Միայն երբ զգուշացրինք, որ դատական գործ կհարուցենք, անմիջապես սեղանի շուրջ նստեցին և ստորագրեցին մեր ապրանքանիշային իրավունքը խախտելու մասին համաձայնագիրը։ Արդյունքում 16 հազար եվրո տուգանք վճարեցին, որից 13 հազարը գնաց փաստաբանների աշխատանքի վարձատրմանը։

Այսպիսով , մեկ տարի անց մենք կարողացանք հաղթել Dr.Oetker-ի թուրքական ներկայացուցչությանը և ստիպեցինք շուկայից հանել կեղծ «Մառլենկա»,-ասել է Գևորգ Ավետիսյանը Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրին։

Սա «Մառլենկան» կեղծելու առաջին դեպքը չէ։ Տարիներ առաջ ընկերությունը հաղթել է չեխական մի այլ ընկերության, որը անվան չնչին տարբերությամբ «Մառլենկա» տորթեր էր արտադրում, իսկ Չինաստանում երեք տարի առաջ հաղթեց մի ընկերության, որը նույն անունով թխվածքը ոչ միայն արտադրում էր, այլև փորձում էր խոչընդոտել իրական «Մառլենկա» թխվածքի մուտքը չինական շուկա։

Սակայն այս պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ Dr.Oetker համաշխարհային գիգանտ համարվող ընկերությունը, որի կենտրոնատեղին գերմանական Բիելֆելդն է, ունի մոտ 400 ընկերություն և 30 հազար աշխատակից, իրեն թույլ է տվել նման կեղծիքի գնալ։ Ամեն դեպքում, փաստաբաններն այն կարծիքին են, որ առանց գլխամասային ընկերության գիտության, դժվար թե թուրքական մասնաճյուղը նման քայլի դիմեր։ Հոկտեմբերի 13-ին ստորագրված պայմանագրով, Dr.Oetker-ի թուրքական մասնաճյուղը պարտավորվել է ոչ միայն շուկայից հանել բոլոր տեսակի «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու տուփերը, այլև ապագայում բացառել դրա արտադրությունը։

Այսպիսով սա հայ գործարարի առաջին հաղթանակն է Թուրքիայի տարածքում, և հատկանշական է այն առումով, որ այժմ այս բացահայտումից հետո, գերմանական մի այլ ընկերություն ցանկանում է օրինական պայմաններով նման թխվածքի փոշի արտադրել՝ ստանալով «Մառլենկա» ընկերության հավաստագիրը։

Գևորգ Ավետիսյանի ջանքերով 2014-ից՝ 100-ամյակի նախօրյակին, Հայոց ցեղասպանության թեման մտավ չեխական կրթական համակարգի մեջ՝ «Մոդեռնի դեյինի»,/Արդի պատմություն/ կայքէջի միջոցով, որ նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար։

«Մառլենկա» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին չեխական Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում հայ գործարար Գևորգ Ավետիսյանի կողմից, և 14 տարիների ընթացքում դարձել է Եվրոպայի ամնախոշոր մեղրով թխվածքի արտադրությունը։ Տարեկան արտադրվում է մոտ 2 միլիոն տորթ, գրանցելով 20 տոկոսի աճ։ Իսկ ընդհանուր տեսականու արտադրանքի քանակը անցնում է 7 միլիոնից և տարածվում է աշխարհի 44 երկրներում։ «Մառլենկա» ճանաչվել է Չեխիայի լավագույն ընկերություններից մեկը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---