Երևանում Կանաչ լուսավորության շաբաթ է. Տան լամպերը փոխարինեք էներգախնայող և էկոանվտանգներով

Երևանում Կանաչ լուսավորության շաբաթ է. Տան լամպերը փոխարինեք էներգախնայող և էկոանվտանգներով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-27-ը Երևանում կանաչ լուսավորության շաբաթ է անցկացվում: Դրա շրջանակում Երևանի բնակիչները հնարավորություն ունեն քաղաքի կենտրոնական փողոցներում տեղակայված հատուկ տաղավարներում փոխանակել իրենց տան շիկացման լամպերը էներգախնայող և էկոլոգիապես անվտանգ լուսադիոդային լամպերով՝ LED-երով:

Երևանի մի շարք փողոցներ և հանրային վայրեր լուսավորված են լուսադիոդային լամպերով, և 2015 թվականից ի վեր քաղաքապետարանն ամեն տարի խնայել է $115.000-ին համարժեք էլեկտրաէներգիա: Կանաչ լուսավորության շնորհիվ տարեկան 500 տոննայով կրճատվել են ջերմոցային գազերի արտանետումները:

Լուսադիոդային լուսավորություն կարելի է ունենալ նաև տանը, ինչը նաև կնվազեցնի կոմունալ ծախսերը:

Տաղավարները գործում են հոկտեմբերի 23-25-ը՝ ժամը 12:00-20:00, Հյուսիսային պողոտայում (շատրվանների հարևանությամբ), «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ, և հոկտեմբերի 26-27-ը՝ Գարեգին Նժդեհի հրապարակում (Ամերիաբանկի հարևանությամբ) և Նոր Նորքի 2-րդ զանգվածում (շուկայի հարևանությամբ): Ամբողջ շաբաթվա ընթացքում ընդամենը 2800 լամպ է բաժանվելու, ինչը խորհրդանշում է հաջորդ տարի սպասվող Երևանի հոբելյանը. ամեն օր յուրաքանչյուր տաղավար բաժանում է 280 լամպ:

Նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, ՀԲԸՄ գրասենյակում պեչա-կուչա (ճապոներենից թարգ.՝ ճեպազրույց) կանցկացվի, որտեղ մասնագետները կներկայացնեն կանաչ լուսավորության զարգացման պատմությունն ու նշանակությունը շրջակա միջավայրի համար:

Երևանի մի շարք փողոցներում և հանրային վայրերում կանաչ լուսավորություն ապահովելու ծրագիրն իրականացվել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ու ՀՀ բնապահպանության նախարարության հետ գործակցությամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---