26 հոկտեմբերի 2017 - 15:09 AMT
Ալեքսանդր Գրիգորյանը հեռանում է «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից

51-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը որոշել է հեռանալ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից: Մոտակա հանդիպումներին ընդառաջ թիմը կմարզվի փոխնախագահի և ավագ մարզիչ Պողոս Գալստյանի ղեկավարությամբ:

«Ես որոշել եմ հեռանալ «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից: Բանն այն է, որ ի սկզբանե մենք պայմանավորվածություն ունեինք, որ ես կօգնեմ թիմին արդյունքի հասնել սկզբնական շրջանում: Ես 100 տոկոսով կատարեցի իմ առաջադրանքը: Դրանում կարելի է համոզվել՝ նայելով մրցաշարային աղյուսակին, որտեղ «Արարատը» առաջատարն է և 12 միավորով գերազանցում է մոտակա մրցակցին:

Իսկ հիմա մտադիր եմ զարգանալ և առաջ շարժվել: Շնորհակալ եմ ֆուտբոլիստներին՝ առանց նրանց մանրակրկիտ աշխատանքի հաջողությունն անհնար կլիներ: Ես միշոտ զգացել եմ ակումբի ղեկավարության ըմբռնումն ու աջակցությունը: Շնորհակալ եմ նաև երկրպագուներին, որոնք ամեն խաղում սատարել են ինձ և «Արարատին»: Ես հեռանում եմ մաքուր խղճով, աշխատանքն «Արարատում» վառ էր ու հիանալի»,-ասել է Գրիգորյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

14 տուրից հետո մոսկովյան «Արարատը» «Արևմուտք» գոտու 2-րդ դիվիզիոնի միանձնյա առաջատարն է: