ՀՀ երիտասարդ մասնագետները կարող են մասնակցել PFP կրթաթոշակային ծրագրին

ՀՀ երիտասարդ մասնագետները կարող են մասնակցել PFP կրթաթոշակային ծրագրին

PanARMENIAN.Net - Հայաստանցի երիտասարդ մասնագետները կարող են մասնակցել օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման (Professional Fellows Program/PFP) ծրագրին:

Ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:

Օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:

PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում:

PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում և քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:

PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝ ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին, կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին, ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև, միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:

PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2018թ. գարնանը ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի 23-ից մինչև հունիսի 1-ը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում և կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ, ունենան առնվազն բակալավրի կրթություն, դիմելու պահին լինեն 25-35 տարեկան, ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ, տիրապետեն անգլերենին: PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2017թ. նոյեմբերի 13-ը ներկայացնեն օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---