Պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների գործունեությունը կբացառվի

Պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների գործունեությունը կբացառվի

PanARMENIAN.Net - Երևանում հսկողություն կսահմանվի ու կբացառվի պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների ու տաղավարների գործունեությունը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել վարչական շրջանների համապատասխան կառույցներին: Միաժամանակ հանձնարարվել է նաև խստորեն հետևել, որ բացօթյա սրճարանների սեփականատերերը կամ վարձակալներն աշխատանքները կազմակերպեն բացառապես իրենց հատկացված տարածքներում:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգերի փորձարկումները, և ապահովված է դրանց անխափան շահագործումը:

Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոյեմբերի 11-ին կայանալիք համաքաղաքային ծառատունկն ու շաբաթօրյակը պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև այդ նպատակով բնակչության իրազեկման և ներգրավման ուղղությամբ:

Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ շարունակվում են ներքին շաբաթօրյակները, ինչի հետ կապված էլ հանձնարարվել է սանմաքրման աշխատանքներն իրականացնել ոչ միայն վարչական շրջանների կենտրոնական հատվածներում, այլև երկրորդական փողոցներում, այգիներում և բակային տարածքներում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնապահպանության վարչությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ մայրաքաղաքում սկսել նաև աշնանային էտի գործընթացը՝ ցուցաբերելով մասնագիտական մոտեցում, և այդ աշխատանքների վերաբերյալ նախապես իրազեկել համաքաղաքացիներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---