ՀՀ-ն ստորագրել է ՌԴ հետ $100 մլն ռազմական վարկի մասին համաձայնագիրը

ՀՀ-ն ստորագրել է ՌԴ հետ $100 մլն ռազմական վարկի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Մոսկվան առաջիկայում սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի Հայաստանին գործող պայմանագրի շրջանակում, իսկ նոր, $100 մլն ռազմական վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական համաձայնեցումներից հետո: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մինչև տարեվերջ մենք դեռ նախորդ պայմանագիրը պետք է իրականացնենք: Օրերս նոր առաքումներ են սպասվում, և մինչև 2017-ի ավարտը մենք կփակենք բոլոր հարցերը՝ կապված նախորդ պայմանագրի հետ»,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան $200 մլն վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:

«Երևանում պայմանագիրն արդեն ստորագրվել է, այն պետք է անցնի ՌԴ և ՀՀ բոլոր ատյաններով, հետո վավերացվի, իսկ ահա դրանից հետո մենք կսկսենք աշխատել ռուս արտադրողների հետ՝ կյանքի կոչելու համար այդ ծրագիրը: Ցավոք, շատ շուտ դա չի ստացվի»,-հավելել է ՀՀ նախագահը:

Ըստ համաձայնագրի նախագծի, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի առաքումները ֆինանսավորելու նպատակով: Հայկական կողմը կօգտագործի վարկը յուրաքանչյուր պայմանագրի արժեքը, որը հաշվարկված է դոլարով, մինչև 90 տոկոս ֆինանսավորելու համար: Կանխավճարը առնվազն 10 տոկոս կլինի:

Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---