3 նոյեմբերի 2017 - 14:59 AMT
Բոլոր մենամարտերում հաղթած բռնցքամարտիկը որակազրկվել է խթանիչի օգտագործման համար

Բոլոր մենամարտերը հաղթանակով ավարտած կուբացի ծանր քաշային կարգի բռնցքամարտիկ Լուիս Օրտիսը որակազրկվել է Բռնցքամարտիկների համաշխարհային կազմակերպության (WBA) կողմից: Պատճառը խթանիչի օգտագործումն է:

Մարզիկը հեռացվել է մրցումներից 1 տարով: Մարտի 22-ից հետո WBA-ն կարող է չեղարկել որակազրկումը, եթե Օրտիսը կրկին նման խախտումներ թույլ չտա, գրում է Lenta.ru-ն Boxingscene-ի վրա հղումով:

Ինքը կուբացին հայտարարել է, որ նշված նյութերը նշանակել է բուժող բժիշկն արյան բարձր ճնշման համար:

Հոկտեմբերին 38-ամյա բռնցքամարտիկը կամավոր դոպինգ-թեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել: Կուբացին կարող էր պահանջել որ մինչև հոկտեմբերի 20-ը բացվի «Բ»նմուշը, սակայն չի արել դա: Սեպտեմբերին մարզիկը նաև ստուգում չի անցել WBC չեմպիոնի տիտղոսի համար ամերիկացի Դեոնթեյ Ուեյլդերի հետ մենամարտից առաջ և հեռացվել է մենամարտին մասնակցելուց:

Պրոֆեսիոնալ ռինգում Օրտիսը հաղթել է բոլոր՝ 27 մենամարտում, որից 23-ը՝ նոկաուտով: