Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կներկայացվի 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կներկայացվի 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը

PanARMENIAN.Net - Հայոց պատմության մի ողջ ժամանակաշրջան կներկայացվի համաշխարհային հեղինակավոր մշակութային կենտրոններից մեկում` Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում: 4-17-րդ դարերի հայ պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող բացառիկ ցուցահանդեսի բացումը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրը:

Հոկտեմբերի 22-ին «Արարատ Էսքիջյան» թանգարանում ցուցահանդեսի մասին մանրամասներ ներկայացրեց «Մետրոպոլիտեն»-ի Միջնադարյան արվեստի և վանքերի վարչության Բյուզանդական բաժնի համակարգող Հելեն Էվանսը, հայտնում է «Հայերն այսօր»-ը ԱՄՆ «Ասպարեզ» օրաթերթի վրա հղումով:

«Ցուցահանդեսում կներկայացվի վաղ միջնադարից մինչև 17-րդ դար հայոց պատմությունն ու մշակույթը` քրիստոնեության ընդունելության, Մեսրոպ Մաշտոցի կողմից Հայ գրերի ստեղծման ու դրա ազդեցության, Կիլիկիայի Հայոց թագավորության տարիների մասին ցուցանմուշներ, տարբեր դարերի ձեռագրեր, հայերեն առաջին տպագիր գրքեր»,- տեղեկացրել է Հելեն Էվանսը:

Ցուցադրությունը հիմնականում կազմված կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Մատենադարանի և Պատմության թանգարանի նմուշներից, նաև կներառվեն Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Մխիթարյան միաբանությունում պահվող հայ միջնադարյան մշակույթի որոշ գանձերից, նմուշներ կտրամադրեն «Գյուլբենկյան» հիմնարկությունը և որոշ ոչ հայկական աղբյուրներ:

Հելեն Էվանսը նշել է, որ բացառիկ առիթ է ընձեռվել աշխարհի հնամենի մշակույթներից մեկը կրող ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը ժամանակակից ձևով ներկայացնելու: «Մենք հույս ունենք, որ ցուցադրությունը հայերին հպարտության տեղիք կտա, երբ տեսնեն, թե Հայաստանը ինչպես է ըստ պատշաճի ներկայացված: Միաժամանակ, ակնկալում ենք աշխարհին առավել ճանաչելի և ընդունելի դարձնել հայ մշակույթը` որպես համաշխարհային արվեստի ներկայանալի մաս»,- նշել է Էվանսը` պատիվ համարելով իր ներգրավվածությունը ցուցահանդեսի կազմակերպման գործընթացում:

Բանախոսության ընթացքում, հայկական ձեռագրերի մասնագետ Հելեն Էվանսը խոսել է հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների իրադարձությունների մասին, ներկայացրել հազվագյուտ ձեռագրեր:

Պատասխանելով ներկաներից մեկի հարցին, այն մասին, թե ինչպես կարելի է լուծել աշխարհի տարբեր թանգարաններում, այդ թվում` «Մետրոպոլիտեն»-ում այլ երկրների ներքո ներկայացված հայ մշակույթի գանձերը որպես հայկական ներկայացնելու հարցը, Հելեն Էվանսը նկատել է, որ նման ցուցահանդեսները լավագույն միջոցը կարող են լինել:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին նվիրված ցուցահանդեսը կտևի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը: Կազմակերպման աշխատանքներն անցկացվում են ՀՀ մշակույթի նախարարության ղեկավարության ներքո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---