4 նոյեմբերի 2017 - 11:53 AMT
ԱՄՆ ԿՀՎ-ն հերքել է Քենեդիին սպանողի կապը վարչության հետ

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին սպանած Լի Հարվի Օսվալդը կապ չի ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության հետ: Այդ մասին ասվում է նոյեմբերի 3-ին հրապարակված փաստաթղթում:

Քենեդին սպանվել է Դալլասում 1963-ի նոյեմբերի 22-ին: Նրան սպանած Օսվալդը մահացել է 2 օր անց մահափորձի արդյունքում: Քննությունը եկավ այն եզրակացության, որ Օսվալդը միայնակ էր գործում, սակայն կան Քենեդիի սպանության բազում այլընտրանքային տեսություններ, որոնք պաշտոնապես չեն հաստատվել:

ԿՀՎ 1975-ի փաստաթղթում վարչության հետ Օսվալդի կապերի մասին շրջանառվող լուրերն համարել են «միանգամայն անհիմն»: Եզրակացությունն արվել է 1970-ականներին ԿՀՎ արխիվի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, կապ չի հայտնաբերվել նաև ԱՄՆ այլ հատուկ ծառայությունների հետ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Վերոնշյալ գրությունն այն 700 փաստաթղթի թվում է, որոնք հրապարակվել են նոյեմբերի 3-ին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է գաղտնազերծել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանությանն առնչվող 3.000 փաստաթուղթ: Սակայն վերջին պահին Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԿՀՎ-ն կասեցրել են արխիվի մի մասի հրապարակումն ազգային անվտանգության համար սպառնալիքները ստուգելու նպատակով: