7 նոյեմբերի 2017 - 14:09 AMT
ՀՀ ԱԳ նախարարն ու Իսրայելի Քնեսեթի խոսնակը հրատապ տարածաշրջանային խնդիրներ են քննարկել

Իսրայելի Քնեսեթը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի խորհրդարանի ղեկավարը մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նախարար՝ Նալբանդյանը Իսրայելի խորհրդարանի ղեկավարին է փոխանել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Երևան այցելելու հարավերը։

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու խոհրդարանների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և բարեկամության խմբերի ակտիվ գործունեությունը։

Նախարար Նալբանդյանը և խոսնակ Էդելշտեյնը անդրադարձել են հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, քննարկել են միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանն ու ընդլայնմանը, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Անդրադառնալով Քնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, Յուլի Էդելշետեյնը նշել է, որ իր տեսակետը ճանաչման կարևորության վերաբերյալ հայտնի է և ինքն այն արտահայտելու բազմաթիվ առիթներ է ունեցել, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Իսրայել ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Հայաստան - Իսրայել խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ:

Նախարար Նալբանդյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման կարևորությունը՝ այս համատեքստում արժևորելով երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի համագործակցությունը, «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգաման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, ապակենտրոնացված փոխգործակցությանը, մշակութային շփումների աշխուժացման, զբոսաշրջության խթանմանն առնչվող մի շարք հարցերի: Անդրադարձ է կատարվել հայ-հրեական պատմական առնչություններին, Իսրայելի հայկական համայնքի և Հայաստանի հրեական համայնքի գործունեությանը։

Հայաստանի արտգործնախարարն ու Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակը մտքեր են փոխանակել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։