21 փետրվարի 2008 - 14:28 AMT
Ալի Բաբաջան. Թուրքիան հանդես է գալիս «Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու» օգտին
Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու օգտին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Մեր երկիրը բազմիցս է արտահայտել իր կարծիքը Հարավային Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին: Լեռնային Ղարաբաղը նման սառեցված հակամարտություններից մեկն է: Մենք կողմ ենք այդ հարցի վերաբերյալ հրապարակված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի կիրառմանը: Մենք կողմ ենք գրավյալ տարածքների ազատագրմանը»,-ասել է նա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:

Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ են զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան: Հայաստանը պնդում է ղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծման վրա, Բաքվում ընդունելի են համարում փուլային լուծումը` սկզբից Ադրբեջանին վերադարձնել հայկական կողմի հսկողության տակ գտնվող տարածքները, այդ տարածքներ վերադարձնել փախստականներին, այնուհետեւ բանակցություններ սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: