21 փետրվարի 2008 - 16:40 AMT
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առթիվ
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «ԼՂՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի 2008թ. փետրվարի 19-ի ընտրություններում Ձեր տարած արժանավայել հաղթանակի կապակցությամբ: Արցախում նույնպես մենք ուշի-ուշով հետեւում էինք նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքին, եւ մեզ համար եւս օրըստօրե տեսանելի էր դառնում համաժողովրդական քվեարկությունում Ձեր հաջողության հեռանկարը: Ընտրությունների առաջին իսկ փուլում Ձեր հաղթանակը խոսուն վկայություն է այն մասին, որ Հայաստանի ժողովուրդն իր մեծամասնության մեջ լիովին ընդունում ու պաշտպանում է Ձեր` փորձառու պետական ու քաղաքական գործչի, նվիրյալ հայրենասերի, հռչակած նախընտրական ծրագրի դրույթները` ուղղված երկրի հաստատուն առաջընթացի ու բարօրության ապահովմանը: Համոզված ենք, որ ՀՀ Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Ձեր ապագա գործունեությունը մեծապես կնպաստի համայն հայության միասնականության ամրապնդմանն ու համազգային բնույթի բազմաթիվ խնդիրների իրականացմանը: Ընդունեք մեր լավագույն բարեմաղթանքները` քաջառողջություն Ձեզ, ամենայն հաջողություն Ձեր առաքելության մեջ` ի շահ եւ ի փառս ողջ հայ ժողովրդի»,- ասվում է Աշոտ Ղուլյանի նամակում, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամլո ծառայությունը: