16 նոյեմբերի 2017 - 12:39 AMT
Գիշերային ակումբներ անչափահասների մուտքի պատասխանատվությունը կխստացվի

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու ու գիշերային ակումբներ հաճախելու դեպքերի վերաբերյալ հնաձնարարական է տվել:

«Իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում նարգիլեի համար, ալկոհոլային խմիչքներ ու շատ այլ արտադրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց գիշերային ակումբներ ու զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերը կանխարգելելու հանգամանքները անբավարար են, իսկ որոշ դեպքերում՝ չկանոնակարգված», - ասել է Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով, ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները նույնպես բավարար չեն:

«Ավելին, նման դեպքերը ուսումնասիրելու հստակ լիազոր պետական մարմին նախատեսված չէ, փոխարենը նախատեսված են մի քանի մարմիններ ու հստակեցված չեն գործառույթները», - ասել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը արդարադատության, տնտեսական զարգացման ու ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին, ինչպես նաև Երևանի քաղաքապետին հանձնարարել է երկամսյա ժամկետում համատեղ մշակել անչափահասներին ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ վաճառելու, ինչպես նաև գիշերային ակումբներ մուտք գործելու դեպքերի հետ կապված պատասխանատվության միջոցների խստացման կանոնակարգման, լիազոր մարմնի գործառույթների հստակեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնել կառավարության աշխատակազմ: